26/02/2020

հայերեն فارسی

Կյանքի բովում առաջատար պիտի լինել, Ցավի հանդեպ համբերատար պիտի լինել, Այս հեքիաթը հենց այնպես զուր չի ավարտվի, Մեծ գործ է սա, ՄԱՐԴ ու հանճար պիտի լինել: (ԱԹԹԱՐ ՆԵՅՇԱԲՈՒՐԻ)
Բովանդակություն
Clock
News > Այս տեսության քննադատությունը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Այս տեսության քննադատությունը

 

Սակայն, արդյո՞ք այս տեսությունը ճիշտ է: Մի՞թե անգամ լավ գործերը չպետք է սովորություն դառնան: Իմ կարծիքով այս տեսությունը հարյուր տոկոսով ճիշտ չէ: Նրանք համոզված են, որ սովորությունը մարդուն վերածում է մեքենայի, սպանում մարդու մեջ նախաձեռնող ոգին և իշխում նրա կամքին ու ցանկություններին: Կանտն ասել է. ՙՈրքան մարդկության մոտ շատանում են սովորույթները, այնքան նվազում են նրա ազատությունն ու անկախությունը՚:

Իհարկե, այստեղ ի նկատի ունենք գիտակցության ազատությունը: Ըստ նրանց, քանի որ սովորությունը թուլացնում է մարդու կամքն այն աստիճան, որ մարդն ի վիճակի չի լինում պայքարել իր հոգեկան ու մարմնավոր երևույթների դեմ, ուրեմն սովորությունը վատ բան է: Հակառակ այն  տեսության, որ դաստիարակությունը սովորույթների ձևավորման տեխնիկան է, նրանք ասում են. ՙԴաստիարակությունը սովորույթների վերացման տեխնիկա է՚: Իհարկե, այն տեսությունը, որ մարդը չպետք է դառնա իր սովորույթների գերին, պետք է կարողանա ձերբազատվել դրանցից ու անկախ գիտակցության թելադրանքից ընդամենը կատարի մարմնի կամքը, ընդհանուր առմամբ ճիշտ է: Սակայն սա չի կարող հիմք հանդիսանալ այն բանի համար, որ սովորույթը ընդհանրապես համարվի նեգատիվ երևույթ: Սովորույթը լինում է երկու տեսակ` գործնական և ռեակցիոն: Գործնական սովորույթն այն է, երբ մարդը չի հայտնվում որևէ արտաքին գործոնի ազդեցության ներքո, այլ աշխատանքը կատարում է լավ` այն պարբերաբար կրկնելու և կատարելագործելու միջոցով: Արվեստներն ու արհեստները սովորույթ են: Մեր գրելու կարողությունն էլ է սովորույթ, և ոչ թե` գիտելիք: Եթե տողերով չգրեինք` ապա չէինք կարողանա գրել: Այլ կերպ ասած` մենք չենք կարողանում միանգամից գրել և սովորում ենք պարբերաբար, շարունակական վարժանքների ու տևական կրկնության շնորհիվ: Արդյունքում` մենք սովորում ենք գրել: Մեր հոգեկան չափանիշներից շատերը գործնական սովորույթներ են: Օրինակ` համարձակությունը, որը սրտի տոկունություն է: Իհարկե հնարավոր է, որ մարդ դրանց մի մասն ունենա ի ծնե, բնականից: Սակայն երբ մարդը լցվում է գերբնական ուժով ու համարձակությամբ,  ապա` դա իրականանում է սովորության արդյունքում: Այսպիսի հատկանիշներից են մեծահոգությունը, առատաձեռնությունն ու բարեպաշտությունը:

Սակայն ինչո՞ւ են վերահիշյալ սովորույթներում բացակայում Կանտի նշած թերությունները:

Նախ այն պատճառով, որ սրանք այն սովորույթները չեն, որոնց հետ մարդը կապվում է ուղղակիորեն: Սրանք այնպիսի սովորույթներ են, որոնց բացակայության ժամանակ կորչում է մարդու իր իսկ կամքին ու ցանկություններին դիմակայելու կարողությունն ու մարդը դառնում է տկար: Սակայն դրանց յուրացումից հետո մարդն օժտվում է պայքարելու կարողությամբ: Սա շատ նման է կրոնական իրավագետների կողմից հաստատված արդարության ու բարեպաշտության չափանիշներին, որոնք այնպիսին են, որ մարդը երբեք դրանց գերին չի դառնում: Ռուսոյի և Կանտի տեսանկյունից բարոյական կամքն այն կամքն է, որը ենթարկվում է միայն գիտակցության թելադրանքին և նշված  հատկություններից հրաժարումը նրան բոլորովին չի անհանգստացնում: Այն ոչ այլ ինչ է, քան` ուժ:

Իսկ բարոյագետները, որոնք անչափ կարևորում էին սովորույթը ասում էին. ՙՍովորույթը բնականոն կերպով հեշտացնում է մարդու համար դժվար գործողություն իրականացնելը՚: Երբեմն մարդ ցանկանում է մի այնպիսի բան անել, որը հակասում է իր բնույթին: Այս դեպքում, բնականաբար, ՙդժվարը՚ մարդու համար վերածվում է սովորույթի և դառնում չափանիշ: Դժվարությունը վերանում է` ինքնին վերածվելով ընտելացման: Պատկերացրեք մեկին, որը սովորություն ունի առավոտյան վաղ արթնանալ: Բնական է, որ սկզբնական շրջանում նրա համար վաղ առավոտյան անկողինը լքելը դժվար է, սակայն նա ջանում է այդ գործողությունն ամեն կերպ հեշտացնել: Մի որոշ ժամանակ անց նա ամբողջապես հաշտվում է առավոտյան վաղ արթնանալու մտքի հետ և դա նրա համար դառնում է սովորույթ: Այսինքն, նախկինում նա իր բնական ցանկության գերին էր, սակայն սովորության արդյունքում ձեռք բերեց բնության թելադրանքին դիմակայող ուժ: Այդ երկու ներազդեցություններից ընտրություն կատարեց սեփական ցանկությամբ, իր ազատ կամքով` նախապատվություն տալով օրինակ, արթնանալուն: Սա չի կարելի վատ երևույթ համարել: Չի կարելի ասել, որ երբ մարդը` գտնվելով բնական պահանջի ճնշման տակ, այսուհանդերձ գիտակցաբար սկսում է վաղ արթնանալ և դա դարձնում է սովորություն, ապա` դա վատ է և նա իբր հակադրվում է բնական պահանջին:

Կանտն ու Ռուսոն կրոնական առումով չեն շոշափում այն խնդիրը, ըստ որի մարդուն պետք է իշխի բարոյական կամքը, սակայն մենք, որ կրոնական առումով  այն շոշափում ենք, պետք է ասենք, որ մարդու բարոյական կամքը պետք է ենթարկվի նրա գիտակցությանն ու հավատքին: Սակայն, ինքներս մեր մեջ պետք է ձևավորենք նաև գիտակցության և հավատքի առաջնայնություն: Իսկ արդյո՞ք դա անելու համար մենք պետք է ետին շարք մղենք մեր մեջ առկա մյուս բնական և ոչ բնական ուժերը, հատկապես սովորությունը:

Մարդն ունի գիտակցության ու կամքի ուժի զարգացման երկու ճանապարհ: Ըստ որոշ կարծիքների մենք պետք է դյուրաթեք ու տկար դարձնենք մեր մարմինն ու բնույթը, որպեսզի մեր մեջ գիտակցությունն ավելի հզորանա: Սա նման է այն բանին, երբ որևէ տղամարդ ցանկանում է չեմպիոն դառնալ և ստիպում է մրցակցին թույլ ու տկար մնալ, որպեսզի կարողանա հաղթել նրան: Տկարին հաղթելը մեծ գործ չէ: Առավել կարևոր և պատվաբեր է ուժեղին հաղթելը:

Իսլամի տարածման ժամանակահատվածում Մարգարեի մոտ էին գալիս բազմաթիվ հարուստներ և խնդրում, որ իրենց ամուլ դարձնեն: Սակայն Մարգարեն նրանց  ասում էր հետևյալը. ՙՄեր կրոնը չի խրախուսում այդ գործը՚: Երբ որևէ մեկն իր հավատի հզորացման համար իրեն անդամահատել կամ ամուլ է դարձրել, որպեսզի զերծ մնա մարմնական գայթակղություններից, մեծ բան չի արել: Առավել գնահատելի է երբ մարդն ունի ընդգծված սեռական հակումներ, սակայն նրա մեջ գիտակցության ու հավատի ուժն այնքան հզոր է, որ կարողանում է չափավորել մարմնի ցանկությունները: Սա իհարկե խառնվածքի ու բնավորության հարց է:

Նույն խնդիրն առկա է նաև գիտակցության և բնության հարաբերակցության մեջ: Իսկ ի՞նչ են ասում այս մասին Կանտն ու Ռուսոն: Արդյո՞ք նրանք ասում են, որ գիտակցության և կամքի ուժի զարգացման համար մենք պետք է տկարացնենք մեր բնույթը: Ոչ, նրանք նման բան չեն ասում: Ուղղակի նշում են, որ պետք է հզորացնել կամքի ուժի նժարը, որպեսզի այն գերակշռի բնավորության ու մարմնային ուժերի նժարին: Մենք պնդում ենք, որ այս խնդիրը վերաբերում է սովորույթին, քանզի սովորույթը երկրորդ բնավորություն է: Պետք է տեսնել, թե սովորության ուժը մեզ համար ինչ որ տեղ  օգտակար է, թե՞ ոչ: Պարզվում է, որ բավական օգտակար է, քանզի մեր գործերից շատերը հեշտացնում է: Սակայն, ամեն դեպքում, մենք պետք է այնքան հզորացնենք մեր գիտակցությունն ու կամքը, կամ գիտակցությունն ու հավատը, որպեսզի այն բնույթի ու խառնվածքի գերին չդառնալով հանդերձ, հանկարծ չհայտնվի սովորության գերիշխանության ներքո: Իսկապես, երբ ինչ որ բան մարդու մոտ սովորություն է դառնում, կամաց- կամաց վերածվում է բնավորության և մարդն ակամայից ու մեքենայաբար սկսում է այն կրկնել, հաճախ  ընդհանրապես հեռանալով գիտակցությունից և հավատից: Այսինքն, եթե գիտակցությունն ու հավատը թելադրում են հակառակն անել` նա չի ենթարկվում:

Ասում են, որ երջանկահիշատակ Շեյխ Աբդ -օլ- քյարիմ Հայերին խոր ծերության պատճառով իրավունք ուներ Ռամազանի ընթացքում պաս չպահել: Սակայն նա շարունակում էր դա անել: Մեկ անգամ նրան ասացին. ՙԴուք ինքներդ շեյխ եք, իսկ շեյխերը կարող են պաս չպահել և փոխարենը` ապաշխարել՚: Նա պատասխանեց. ՙԺողովրդական երակս թույլ չի տալիս՚:

Բազմաթիվ մարդիկ նույն վիճակում են: Օրինակ, շատերն ասում են, որ եթե անգամ մեռնեն, միևնույնն է պաս կպահեն (կարծելով, որ դա հավատի նշան է): Այսինքն, եթե Աստված ու Մարգարեն էլ պատվիրեն, միևնույնն է, նրանք պասից չեն հրաժարվի: Սա արդեն սովորություն է: Մարդ պետք է պաս պահելուն ընտելանա այնքան,  որքան թույլ է տալիս իր հավատը: Բայց եթե հավատը ասում է, որ պասը պետք է դադարեցնել, ապա` պետք էենթարկվել: Հաճախ է պատահում, երբ որևէ երևույթ մարդու մոտ սովորություն է դառնում այնպես, որ նա այլևս չի ընդունում հավատի հրամանը: Սակայն, այնուամենայնիվ, դա չի կարող առիթ հանդիսանալ, որպեսզի մենք չընդունենք սովորույթը` միայն ու միայն այն մերժելու սկզբունքից ելնելով, կամ համարելով, որ արդարության կամ առավոտյան վաղ արթնանալու սովորություններն այլևս անհրաժեշտ չեն հենց միայն այն պատճառով, որ սովորույթ են և կարող են չենթարկվել գիտակցության և հավատի հրամաններին: Այդպես մտածելը սխալ է:

Մի մարդ Իմամ Սադեղի հետ այգում էր: Նա մի խնձոր ցույց տվեց Իմամին և ասաց. ՙԵթե դուք հիմա ասեք, որ այս խնձորի մի կեսը հալալ է, իսկ մյուսը` հարամ, ես կհավատամ՚: Սա հենց այն օրինակն է, որը ցույց է տալիս, որ մարդը չպետք է որևէ բանի այնքան սովորի, որ գիտակցությունից ու հավատքից զերծ մնա:

Ուրեմն պարզ դարձավ, որ արևմտյան գիտնականների խոսքը  ճիշտ է այսքանով: Իսկ ավանդապատումն ասում է. ՙՈւշադրություն մի դարձրեք մարդու ծնրադրման կամ խոնարհվելու եղանակներին, քանզի դա սովորություն է և նա սարսափում է դրանից հրաժարվելու գաղափարից՚: Այստեղ կարևորն այն է, որ երբեմն սովորույթը լինում է այնպիսին, որ արժեզրկում է անչափ կարևոր մի այլ բան:

 

Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում

Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի

 

շարունակելի

նախորդ համարներից


09:15 - 14/02/2020    /    համար : 745472    /    ցուցադրության քանակը : 20