18/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Կանաչի վաճառող տղան


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Կանաչի վաճառող տղան

 

Ժամանակին կանաչի վաճառող մի խանութ­պան կար: Նա մի տղա ուներ, ում շատ-շատ էր սիրում: Կանաչի վաճառողը խիստ հոգնել ու ձանձրացել էր իր աշխատանքից և ինքն իրեն մտորում էր. «Ամբողջ կյանքս կանաչի վաճառելով եմ անցկացրել և վերջն այստեղ եմ հասել, բայց պետք է տղայիս բախտավոր դարձնեմ և նրան այնպիսի մի գործի վրա դնեմ, որ վաղը կարողանա ինձանից ավելի լավ ապրել: Բայց ո՞ր աշխատանքն է ամենից հարմար: Վաճառականությունը մեծ գումարներ է ուզում, պետական գործը կապեր ու ծանոթներ է պահանջում: Ստիպված պետք է ինքս, քանի կարողանում եմ, կյանքիս անիվը պտտեմ, նրան ուղարկեմ արհեստ սովորելու, պետք է նրան այնպիսի արհեստ սովորեցնեմ, որ դրանով հարգանք վայելի և բախտավոր դառնա: Բայց ինչ արհեստ: Երկաթագործությու՞ն: Երկաթագործների շուկայում բազմաթիվ են երկաթագործները: Իսկ ոսկերչությանն ինչպես է, բայց մինչև ոսկի չունենա, միայն սև աշխատանքով պիտի զբաղվի: Եթե հյուսն դառնա, ինչպե՞ս, չէ, հյուսն էլ չէ, մանածագործություն էլ չէ: Այս մեկը չէ, այն մեկը չէ, բա ի՞նչ: Պետք է մի ուսյալ և երջանիկ կյանքով ապրող մարդուց խորհուրդ հարցնեմ: Այնպիսի մեկը, ով հասել է մի տեղ, ավելի լավ գիտի, թե ոնց է գնացել»:

 

Խանութպանի տան հարևանությամբ մի մարդ էր ապրում, ով վայելուչ կյանք էր վարում և հարգված ու սիրված անձ էր թաղում, մարդիկ ասում էին, թե բարձրագույն դպրոցի ուսուցչապետ է նա: Ինքն էլ մեկ-մեկ տեսել էր նրան և հավանել նրա վարքն ու բարքը, նրանց տնեցիներն էլ երբեմն գալիս իրենից կանաչի էին առնում: «Ո՛վ էլ լինի այդ մարդը, երջանիկ ու բարեբախտ է երևում, խելքն էլ ինձանից ավելի շատ է: Իմ մտքերն ու նպատակը նրան կհաղորդեմ, և ինչ խորհուրդ տվեց, հենց այդպես կվարվեմ»- մտածեց կանաչի վաճառողը:

Մի օր փողոցում հանդիպեց հարևանին և ասաց.

-Սիրելի դրացի, թեպետ մենք նույն աստիճանի մարդիկ չենք, բայց ես Ձեր հանդեպ հատուկ հարգանք ունեմ: Տեսնում եմ, որ Ձեր վարքը բարի է, Ձեր հարազատները սիրված են շրջապատի կողմից, Ձեր երեխաները դաստիարակված են, իսկ Ձեր ընկերները" երջանիկ: Չգիտեմ ինչ է Ձեր աշխատանքը, բայց տեսնում եմ, որ Դուք կարողացել եք հարգված ու բախտավոր անձ դառնալ: Ես այս աշխարհում մի տղա ունեմ և ուզում եմ նրան բախտավոր տեսնել: Ձեր կարծիքով նրան ի՞նչ աշխատանքի ուղարկեմ, որ նրա ապագան լավ լինի:

-Սիրելիս, այսքան մարդիկ ապրում են, ի՞նչ գործ են անում: Աշխարհում յուրաքանչյուր մարդ մի աշխատանք ունի: Մի՞թե կանաչի վաճառելը վատ բան է,- հարցրեց հարևանը:

-Ես իմ տղայի համար կանաչի վաճառել, խանութպանություն ու չարչիություն չեմ ուզում: Նրա համար փափագում եմ կարգին աշխատանք և բարձր բախտ,- ասաց կանաչի վաճառող մարդը:

-Շատ լավ, եթե դու ի վիճակի ես մինչև քանի տարի վճարել նրա ուսման ծախսերը և նրա աշխտավարձի հույսին չես, ես քեզ կտամ հարցի լուծման բանալին, հետո ինքդ պիտի որոշում կայացնես:

-Շատ շնորհակալ եմ, Աստված թող մեծացնի Ձեր փառքն ու պատիվը,- ուրախացավ կանաչի վաճառողը,- չէ, ես նրա աշխատավարձին աչք չունեմ, նրա ապագայի համար եմ մտածում:

-Շատ լավ, լսե՞լ ես փողոցի գլխի այն ճենապակու գործարանի մասին- հարցրեց ուսուցիչը:

-Գործարանը գիտեմ, բայց նրա տիրոջ հետ ծանոթ չեմ: Ասում են" քաղաքի մեծահարուստներից է: Նրա տնեցիներն ինձանից կանաչի են առնում և լավ մարդիկ են: Բայց ես չեմ ուզում տղայիս ճենապակու գործարան ուղարկել, որովհետև մենք ունեցվածք և փող չունենք, հետևաբար իմ որդին մինչև կյանքի վերջը հասարակ աշխատավոր կմնա այդտեղ:

-Ես էլ չեմ ասում նրան ուղարկիր այդ գործարանը բանվորական աշխատանքի,- իր միտքը բացատրեց ուսուցիչը,- ուրիշ բան եմ ուզում ասել: Այդ գործարանի տիրոջը ճանաչում եմ, նա ճենապակու գործարան ունենալու հետ մեկտեղ, ինքն անձամբ հմուտ վարպետ է բրուտագործության ճյուղում: Նրա հորն էլ էի ճանաչում, հայրը ևս բրուտ էր, ով իր գործն սկսել էր մեկ այլ վարպետի մոտ աշակերտելով: Բրուտի գործի առաջնային նյութերը հողն են, ջուրը և կրակը, դրան գումարած մի քիչ էլ ապակի ու ներկեր, մի փոքր էլ այլ բաներ: Այս գործարանի տիրոջ հայրը հենց նման հասարակ նյութերով սկսեց իր գործը, ամանեղեն ու կուժ էր պատրաստում և վաճառում, նեղությամբ օրվա հացը վաստակում: Նա էլ քեզ պես հասարակ ապրուստ ուներ:

-Հա, բրուտի գործն էլ կանաչի վաճառելու աշխատանքի պես դժվար է, բայց բրուտը ընդամենը բրուտ է, իսկ դուք ուզում էիք լավ ապագայի բանալին ինձ ցույց տալ,-անհամբեր հարցրեց մարդը:

-Հենց դա եմ անում: Բրուտն իր որդուն մի քանի տարի դպրոց ուղարկեց, որ ուսում ստանա, դաս սովորի: Դպրոցն ավարտելուց հետո որդին շարունակեց իր ուսումը և դարձավ մասնագետ հողաբան, ներկերի գիտակ, ապարագետ: Նրա հայրը չէր ճանաչում հողի տարբեր տեսակները, իսկ նա ճանաչում էր: Հայրը չգիտեր բոլոր քարերի տեսակներն ու նրանց հատկանիշները, իսկ որդին գիտեր: Հայրը կուժեր էր սարքում հին ու կրկնված ձևերով, իսկ տղան սովորեց նոր ու ինքնատիպ ձևերով պատրաստել: Տղան դաս էր սովորել ու գիտուն էր դարձել, նա կավե կուժի և ջնարակված գավաթի փոխարեն սկսեց նույն հողից, ջրից ու կրակից ճենապակի պատրաստել: Իր գիտության շնորհիվ կարողացավ բոլորից ավելի լավ պատրաստել ճենապակին և առաջ անցավ իր մրցակիցներից ու աշխատակիցներից, ավելի շատ հաճախորդներ գրավեց, ավելի լավ ապրանք առաջարկեց շուկային, ընդլայնեց իր գործունեությունը և, վերջապես, բրուտագործության հին ու հասարակ արհեստանոցի տեղ կառուցեց ճենապակու գործարան և հիմա, ինչպես տեսնում ես, քաղաքի մեծահարուստներից մեկն է: Ուզում եմ ասել, որ մի կարծիր հենց այս կանաչի վաճառելը պարզունակ ու փոքր աշխատանք է: Իմ կարծիքով բոլոր աշխատանքները հավասար են իրար՝ կանաչի վաճառելը, երկաթագործությունը, փայտագործությունը, վաճառականությունը, իմ աշխատանքը, նախարարի ու իշխանավորի աշխատանքը, բոլորը միանման են: Ամեն մարդ կարող է ցանկացած աշխատանքում առաջադիմել և բարձր ու պատվարժան աստիճանի հասնել կամ էլ կարող է ցածր ու աննշան մնալ: Բոլոր գործերում երջանկության բանալին գիտությունն ու գիտելիքներն են: Եթե ուզում ես տղադ բախտավոր լինի, պետք է նրան ուղարկես դաս սովորելու, որպեսզի որևէ գործում վարպետանա և հմուտ դառնա: Ունենալով այդ բանալին՝ կարող է թեկուզ կանաչի վաճառելով շատ ավելի երջանիկ դառնալ, քան ես ու դու....

Եթե կանաչավաճառը ճանաչի բոլոր տեսակի բույսերը, իմանա դրանց առանձնահատկությունները և պահպանման պայման­ները, ավելի լավ գնումներ և ավելի լավ վաճառք կատարի, բարեհամբույր լինի, ճանաչի մարդկանց տրամադրությունն ու հոգին, արտասահմանցի հաճախորդ ունենալու դեպքում իմանա նրանց լեզուն, գտնի հազվագյուտ և որակյալ կանաչիներ ու բույսեր, իմանա կանաչիների չորացման ձևերը կամ դրանց այլ կիրառումները, մի խոսքով, կանաչի վաճառելու աշխատանքում լինի քաջատեղյակ, ապա այնպես կանի, որ մարդիկ իր մոտ գան, իր հաճախորդը դառնան, սիրեն իրեն, իր հետ գործարքի մեջ մտնեն ու բաժնեկից դառնան: Այսպիսով, նրանց օգնությամբ ներդրումներ կանի, մի քանի խանութներ կբացի կամ էլ կանաչի աճեցնելու բոստաններ կգնի։ Չոր կանաչիներ կպատրաստի ու կփաթեթավորի, չոր կանաչիների շուկան և առևտուրը կառնի իր ձեռքը։  Եվ այսպես, կբացվի ճանապարհը դեպի նպատակներ: Այս ամենի նախապայմանը գիտելիքն է, կանաչագիտության գիտելիքները: Առանց գիտության բոլոր գործերն էլ մանր են, իսկ գիտությամբ՝ խոշոր ու նշանակալից: Գիտությամբ անապատը այգեստան է դառնում: Տղայիդ ուղարկիր դպրոց, մի քանի տարի հետո ինքը կիմանա ինչ աշխատանք է նախընտրում: Երբ մասնագետ դառնա այդ աշխատանքում, կհասնի նրան, ինչին դու փափագում ես:

-Ճշմարիտ ես ասում և ճիշտ ես ասում: Որոշ չափով ինքս էլ գիտեի գիտության արժեքը, բայց այսքան հստակ չէի պատկերացնում: Ուրեմն կանաչի վաճառելն էլ վատ աշխատանք չէ: Իմ գործի թերությունն այն է, որ ես իմ գործը լավ չգիտեմ:

Կանաչի վաճառողն իր որդուն դպրոց ուղարկեց և նրան ապսպրեց.

-Մի քանի տարի ականջ դիր իմ հորդորներին, իսկ երբ գիտուն դառնաս, լսիր սեփական ձայնիդ:

Տղան մի քանի տարի դպրոց հաճախեց, այնուհետև հայտարարեց, որ դեռ շատ բաներ պետք է սովորի, և, քանի որ հայրենի քաղաքում չկար ավելի բարձր դպրոց, նրան ուղարկեցին ավելի մեծ քաղաք: Հայրն ուղարկում էր նրա ուսման ծախսերը, և տղան սովորում էր գիշերօթիկ բարձրագույն դպրոցում:

Հին ժամանակ դպրոցներում մի սենյակ էին տալիս աշակերտին, և չկային այլ հատուկ հնարավորություններ: Դաս ու քննություններից զատ, ամեն մարդ ինքն էր հոգում իր կենցաղային կարիքները: Մի օր այնպես պատահեց, որ փողերը վերջացան, դեռ հոր ուղարկած հերթական գումարն էլ չէր հասել: Տղան որոշեց կանաչիով ապուր պատրաստել իր համար, գնաց մոտակայքում գտնվող կանաչավաճառի խանութը և ասաց.

-Ինձ կանաչի է պետք, բայց փող չունեմ: Դրա փոխարեն շատ բաներ գիտեմ, որ կարող եմ քեզ ուսուցանել՝ շարադրություն, նկարչություն, գեղագրություն, հաշիվ, երկրաչափություն, պատմություն, աշխարհագրություն, վարդապետություն: Կարող ես ցանկացած խնդիր առաջադրել, և ես լուծեմ այն քեզ համար, փոխարենը մի կապ կանաչի եմ ուզում:

Կանաչավաճառը քահ-քահ ծիծաղեց ու ասաց.

-Ինձ պետք չէ խնդիրներ լուծելը: Կանաչին փողով եմ առել, փողով էլ վաճառում եմ, որովհետև ես էլ եմ ուզում ապրել: Եթե ցանկանայի այդ բաները սովորել, ապա դպրոց կգնայի: Բայց դու կարող ես պարտքով վերցնել մի կապ կանաչին և երբ փողդ ստանաս, պարտքդ կփակես:

Տղան խիստ սրտնեղեց ու ասաց, որ կանաչի չի ուզում: Հիասթափվեց իր դասերից և երբ ստացավ հոր ուղարկած փողը, գնաց պարտքերը փակեց և առաջին քարավանով մեկնեց դեպի հայրական տուն:

ա՛յր, այս դասերով ոչ մի բարձր աստիճանի չեմ հասնի, իմ ամբողջ գիտելիքնեը մի կապ կանաչի չարժեն: Կանաչի վաճառելը բոլոր գործերից ավելի լավ է, - դժգոհեց որդին:

-Ինչպես ուսուցիչն էր ասում" կանաչի վաճառելն էլ լավ գործ է, բայց ես ցանկանում եմ, որ դու կանաչագետ ու բուսաբան դառնաս, կյանքը ճանաչես, որպեսզի ավելի երջանիկ կյանքի հասնես: Թող այս դեպքն էլ պատմեմ ուսուցչին և նրանից խորհուրդ հարցնեմ:

Երբ հանդիպեց ուսուցչին, սկսեց գանգատվել.

-Էսպես չեղավ, իմ տղան քանի տարի ուսում ստանալուց հետո դեռ չի կարողանում իր գիտելիքներով մի կապ կանաչի գնել: Ու՞մ է պետք այն գիտությունը, որ գնորդ չունի:

-Քո պատասխանը վաղը կտամ,- ժպտալով ասաց ուսուցիչը:

Ուսուցիչն իր տանը թանկագին մի գոհար ուներ, որ սովորական կլոր ուլունքի էր նման և ապակու պես փայլում էր: Հաջորդ առավոտ այդ գոհարը տվեց իր ծառայողի ձեռքը, ում չէր ճանաչում կանաչի վաճառողը և նրան պատվիրեց.

-Այս քարը վերցրու, տար կանաչի վաճառողի մոտ և նրան ասա, որ տանը բոլորովին փող չունենք, ապուրի համար կանաչի ենք ուզում, վերցրու այս քարը և դրա դիմաց ինչքան կանաչի ունես տուր ինձ:

Կանաչի վաճառողը գոհարը վերցնելով իր ձեռքը՝ ծիծաղելով ասաց.

-Այս քարը ոչ մի բանի պետք չէ: Ես կանաչին փողով եմ գնում և փողով էլ վաճառում: Ուզում ես պարտքով տար, փողը հետո կվճարես, բայց էս անպետք ուլունքներից ու ապակիներից ինչքան ասես կան ապակու շուկայում, հարյուր հատը մի ղրոշ չարժե:

Ծառայողն ասաց.

-Չէ, պարտքով չեմ ուզում: Լավ, որ էդպես է, տանեմ էս քարը ծախեմ ու գամ:

-Քո կամքն է, քույրիկս, բայց հաստատ իմացիր, որ ոչ ոք այս անպետք ուլունքը չի գնի քեզանից:

Ծառայողը վերադարձավ իր տիրոջ մոտ և եղելությունը պատմեց նրան, այդ ժամանակ ուսուցչապետը վերցրեց գոհարը, գնաց կանաչի վաճառողի մոտ ու ասաց.

-Սա ծանոթ է քեզ:

-Այո, հենց նոր մեկը բերել էր դա, որ կանաչի առնի, ես նրան ասացի՝ անպետք բան է: Ձեր տնի՞ց էր արդյոք բերել, ինչու կանաչի չառավ, ես ասացի նրան, որ ինչքան կանաչի պետք է, թող տանի:

-Շնորհակալություն,- պատասխանեց ուսուցչապետը,- բայց ես ուզում եմ քեզ խնդրել մեկ ժամով գաս ինձ հետ շուկա, քանի որ կարևոր գործ ունեմ քեզ հետ:

-Աչքիս վրա,- համաձայնեց կանաչի վաճառողը,- ես Ձեր տրամադրության տակ եմ: Տղաս էստեղ է, մենք կգնանք ու կվերադառնանք:

-Ավելի լավ կլինի տղադ էլ գա: Եթե մի ժամով խանութդ փակես, չես վնասվի:

Կանաչի վաճառողն համաձայնեց և հայր ու որդի ուղեկցեցին ուսուցչապետին, միասին գնացին ոսկու շուկա:

-Ուզում եմ այս քարը ցույց տալ մի քանի ոսկերիչի,- ասաց ուսուցչապետը:

Այս ասելով նա մոտեցավ ոսկերիչներից մեկին և ցույց տվեց իր քարը, որ վաճառի: Ոսկերիչը ուշադրությամբ տնտղեց այն, կշեռքի մեջ դրեց, կարկինով չափեց ծավալը, հետո ճրագի լույսի տակ խոշորացույցով զննեց բոլոր կողմերից: Վերջում հայտարարեց.

-Ես սա կառնեմ յոթ հարյուր հազար թուման կանխիկ դրամով:

-Հնարավոր չէ՞ ավելի բարձր գնով:

-Գուցե մի փոքր ավելի շատ արժենա, բայց ես դրանից բարձր գին չեմ վճարի:

Ուսուցչապետը հայր ու որդու հետ միասին գնաց մեկ այլ ոսկերիչի մոտ: Այս մեկն էլ առաջինի պես ուշադրությամբ զննեց քարը և ավելի բարձր գին առաջարկեց: Ակնավաճառներից մեկն էլ դեղնավուն մի հեղուկով և բարակ փայտիկի օգնությամբ մաքրեց քարը և ասաց.

- Վերջնական գինը" այս քարը կգնեմ մեկ միլիոն հինգ հարյուր հազար թումանով:

Ուսուցչապետը դարձյալ չհամաձայնեց և չվաճառեց իր քարը:

Հետո ուսուցչապետն ասաց, որ այլևս շուկայում գործ չունեն ու պետք է վերադառնան: Դուրս գալով խանութից" ճանապարհին այսպես խոսեց զարմացած կանաչավաճառի և նրա տղայի հետ.

-Տեսա՞ք, սիրելինս, այս քարը ձեր աչքին հասարակ ապակի կամ ուլունք է երևում, ձեր կարծիքով հարյուր հատը մի աբբասի չարժեին: Մինչդեռ քարը ճանաչող մարդը պատրաստ էր մեկ միլիոն հինգ հարյուր հազար թումանով գնել այն, բայց ես չվաճառեցի: Ուրեմն պարզվեց, որ այս քարը ակնեղեն է, բայց դուք ակնագետ չէիք, հետևաբար այն չփոխեցիք մեկ կապ կանաչու հետ: Սա չի նշանակում, որ ակն ու գոհարը անարժեք են, այլ ամեն բան իր գնորդն ունի: Այն կանաչի վաճառողը, որ քո տղային կանաչի չտվեց, նա գիտելիքի գնորդ չէր, բայց գիտելիքն առանց գնորդի մնացող ապրանք չէ: Կանցնի մի քանի տարի, և քո այս տղան կվերածվի այնպիսի թանկագին քարի, որ հարյուր խանութ կարժենա կամ կկարողանա կանաչավաճառի խանութը դարձնել գանձի աղբյուր:

-Հասկացա աււևն ինչ և վաղվանից կվերսկսեմ դասերս, այլևս չեմ հուսահատվի ոչ մի բանից և այնպիսի աստիճանի կհասնեմ, որ կարողանամ կանաչավաճառի խանութը դարձնել գանձատուն:

Կանաչի վաճառողի տղան բարձրագույն կրթություն ստացավ բուսաբանության ճյուղում և, ավարտելով իր կրթությունը, վերադարձավ հայրենի քաղաք: Սկզբում աշխատանքի անցավ գյուղատնտեսական մի հիմնարկում, իր գիտելիքներով ընդլայնեց հոր կանաչավաճառության գործը և մի քանի տարի հետո փոխեց այդ աշխատանքը, քանի որ արդեն մի քանի ագարակ ուներ, որտեղ աճեցնում էր դաշտային հազվագյուտ խոտեր ու դեղաբույսեր և դրանք վաճառում դեղագործական մի քանի ընկերությունների: Նա հասել էր այնպիսի ունեցվածքի, փառքի ու հարգանքի, որ նույնիսկ ճենապակու գործարանի տերն էր մնացել զարմացած:

 

Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար

Մեհդի Ազարյազդի

Գոլեստանի և մոլեստանի հեքաթներ


14:07 - 12/02/2020    /    համար : 745370    /    ցուցադրության քանակը : 77