18/01/2020

հայերեն فارسی

Երբ է ունկնդրել այս փուչ աշխարհը իմ դարդ ու ցավին, Ամեն պտույտին կրակ է նետել վառված իմ սրտին, Մի կյանք ապրեցի`ցավ ու տանջանքով, հոգսերով լեցուն. Չեղավ գեթ մի օր, որ այս պտույտը իմ սրտով լինի: (ԲԱԲԱ ԹԱՀԵՐ)
Բովանդակություն
Clock
News > Աբուլ-Ֆաեզ Ֆաեզին և նրա "Նալ և Դաման" պոեմը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Աբուլ-Ֆաեզ Ֆաեզին և նրա "Նալ և Դաման" պոեմը

   Թուրքական ծագումով Ղազնևիների (962-1186թթ.) դինաստիայի իշխանության ժամանակաշրջանում  Հնդկաստանում, որը մտնում էր նրանց գերիշխանության տակ, զգալիորեն  հզորացել էր պարսկական համայնքը: 12-րդ դարի կեսին Հնդկաստանում, հատկապես դրա հյուսիսային շրջաններում լայն տարածում ստացավ պարսկալեզու գրականությունը: Մինչ այդ գոյություն ունեցող միակ գրական կենտրոն Լահորին ավելացան  նաև Դելի, Փեշավար, Սանամե, Դիալփուր քաղաքների գրական կենտրոնները: Հնդկաստանի պարսկալեզու գրականությունը, չնայած իրեն բնորոշ մի շարք առանձնահատկությունների, համընկնում էր  Հնդկաստանի սահմաններից դուրս ստեղծված պարսկալեզու գրականությանը: 

    Շեյխ Աբուլ Ֆաեզ իբն Մուբարաքը կամ պարզապես Ֆաեզի Դաքանին` Հնդկաստանի պարսկալեզու գրականության խոշոր ներկայացուցիչներից մեկը, ծնվել է 1547թ. Ագրա քաղաքում, նշանավոր գիտնականի ընտանիքում: Նրա հայրը` շեյխ Մուբարաք Նագորին, եղել է գիտնական-աստվածաբան: 20 տարեկան հասակում Ֆաեզին ընդունվում է Ջալալըդդին Աքբար շահի Գուքանիի պալատ` որպես ուսուցիչ թագավորի որդիների համար և մինչև կյանքի վերջն այնտեղ զբաղեցնում է տարբեր պաշտոններ: 1589թ. ստանում է« պոետների արքա` (Մալեք-օլ-շոարա) տիտղոսը: Ֆաեզիի գրական ժառանգությունը կազմում է պոեմների և լիրիկական ստեղծագործությունների բավական մեծ քանակ: Ֆաեզիից մնացել է 9000 բեյթ (բանաստեղծական երկտող): Նրա ստեղծագործություններից հայտնի է« Ոգեշնչման փայլը`ե (Սավաթ -օլ-էլհամ) քննախոսությունը: Նրա Դիվանը` ստեղծագործությունների ժողովածուն, իր մեջ ներառում է գազելներ, ռուբայիներ, (քառյակներ) էլեգիաներ և քասիդներ:  Նա Աքբար շահի խրախուսմամբ ընդօրինակելով Նիզամիին, գրել է իր խամսեն (հինգ պոեմների ժողոցածու), որը մնացել է անավարտ: Նրան հաջողվել է ավարտել միայն դրա երկու` ՙՄարքազ օլ-ադվար՚ (Ժամանակների կենտրոնակետ) ու ՙՆալ և Դաման՚ պոեմները, որոնք նման են Գյանջեվիի ‹‹Մախզան օլ-ասրար›› (Գաղտնիքների գանձարան) ու ‹‹Լեյլի և Մեջնուն›› պոեմներին: Խամսեի երեք անավարտ աշխատանքները` ‹‹Սողոմոնը և Բելղիսը››, ‹‹Հաֆթ Քեշվարը›› (Յոթ երկիր) և ‹‹Աքբարնամեն›› (Աքբար շահի մասին գիրք), գրված են համապատասխանաբար Նզամիի` ‹‹Խոսրով և Շիրին››, ‹‹Հաֆթ Փեյքար›› (Յոթ գեղեցկուհիներ) և ‹‹Իսքանդարնամե›› (գիրք Ալեքսանդրի մասին)   պոմեմների ընդօրինակությամբ:

   ՙՆալ և Դաման՚  պոեմը Հնդկաստանի պարսկալեզու գրականության մարգարիտներից է, ստեղծվել է 16-րդ դարի 2-րդ կեսին: Ֆաեզիի համար սյուժեի ընտրության հարցում մեծ դեր է խաղացել այն, որ նա եղել է ռաջա Նալի և նրա սիրեցյալ Դամայանտիի ողբերգական պատմության մասին շատ հայտնի հին հնդկական էպոսի`« Մահաբհարաթայիե, պարսկերեն թարգմանության խմբագիրը: 

   Ֆաեզին իր« Նալ և Դաման՝ պոեմում զարգացրել է բարու և չարի, սիրո և ատելության, հաշտության և պատերազմի գաղափարները` պոեմին տալով փիլիսոփայական մասշտաբայնություն և խորություն: Նա իր առջև նպատակ էր դրել գովերգելու մարդկային վեհ զգացմունքները, մարդկանց ոգեշնչելու բարի գործերի: Այդ պատճառով, մշակելով հին հնդկական սյուժեն` դասական պարսկական պոեմի ձևով, Ֆաեզին առաջին պլան է մղում Դամանի անձնվեր սերը և պոեմն ազատում ավանդական սիմվոլիկայից, որի համաձայն երկրի վրա գտնվող ամեն ինչ սկզբնապես կանխորոշված է բախտի և աստվածների անփոփոխ կամքով:

Հեղինակը նպատակ էր ունեցել գրելու այնպիսի չափածո սիրավեպ, որը երջանիկ ավարտ կունենար: Առաջնայնությունը տալով Դամանի սիրուն` պոեմը փաստորեն աշխարհիկ հնչողություն էր ստանում: Հեղինակը պոեմի սկզբում ճշգրտորեն վերապատմում է Նալ արքայի քաջագործությունների մասին և նշում նրա միակ թերությունը` զառ խաղալու կիրքը: Նա հրաժարվում է նաև ֆաբուլայի ֆանտաստիկ դրվագներից: Սկզբնաղբյուրին որոշ չափով հավատարիմ մնալու համար պոեմի սկզբնամասում հիշատակում է, որ Դամայանտին ի հնազանդումն հրեշտակների կամքի է համաձայնվել ամուսնանալ Նալի հետ: Ըստ Ֆաեզիի` մարդկային ձախողումների պատճառ են ոչ թե բնածին, այլ ձեռքբերովի արատները: Նալ արքան դարձել է Հնդկաստանի ամենագեղեցիկ կնոջ` Դամայանտիի ընտրյալը, և մի քանի տարի երջանիկ ապրելուց հետո, կրկին վերադառնում է իր արատավոր զբաղմունքին: Նա տանուլ է տալիս իր ողջ ունեցածը, նույնիսկ իր արքայական գահը և ստիպված է լինում դեգերել ջունգլիներում: Նրանց տառապանքները կարող էին դրանով ավարտվել, եթե Նալը մութ անտառում չլքեր իր հավատարիմ կնոջը: Հնդկական ասքում հետաքրքիր է այն հանգամանքը, որ ի տարբերություն մյուս մշակույթներում եղած սկզբնաղբյուրի, այստեղ ավելի ակտիվ դերը կնոջն է տրված: Եվ սա պատահական չէ, քանի որ հին հնդկական փիլիսոփայության մեջ կանացի սկիզբն առաջատար է: Եվ անգամ փոխանակման մեջ Ֆաեզին ընդգծում է իր հայեցակարգը: Ասքում հերոսուհու Դամայանտի (նշ. է զսպող, հնազանդեցնող) անվանումը փոխում է Դաման անվան (նշ. է հնազանդվող), վերջինիս վերապահելով կրավորական դեր: Պոեմում կրճատված են նաև Դամանի տառապանքների դրվագները: Ֆաբուլան զարգանում է այնպես, որ բրահմաններին հաջողվում է արագ գտնել Դամանին և վերադարձնել: Ավելին` բրահմանները Նալին հորդորում են հավատարիմ մնալ ամուսնական առագաստին: Նալը նորից գահ է բարձրանում, և նրանք վերագտնում են իրենց երջանկությունը: Պարսից էպիկական պոեզիայում օրինաչափական է, որ հերոսի կյանքը պատկերվի ծննդից մինչև մահ, այս դեպքում ևս Ֆաեզին հավատարիմ է մնում պարսից էպիկական պոեզիայի ավանդույթին: Նալը որոշ ժամանակ անց մահանում է` գահը թողնելով որդիներից մեկին, իսկ Դամանը ինքնասպան է լինում: 

   Նալ և Դաման պոեմը մարդկային վեհ զգացմունքների, սիրո, հավատարմության, արդարության և ընկերության հիմն է, առանց որի յուրաքանչյուր մարդկային հասարակություն դատապարտված է ինքնաոչնչացման: 

 

 

Գրականության ցանկ

1.Г.Ю.Алиев, Персоязычная литература Индии, Москва, 1968г.

2.Г.Ю. Алиева, Абу-ль Файз Файзи, Москва, 1987г.

3. en.wikipedia.org/wiki/Faizi 

Աշխեն Սարգսյան

Փարսիան հանդես համար 13


10:05 - 14/01/2020    /    համար : 742808    /    ցուցադրության քանակը : 8