11/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > ԻՐԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ԻՐԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Անվանակոչություն

Հնուց ի վեր Իրանում երեխայի անվանակոչության արարողությունը նշվում է մեծ խանդավառությամբ, հատուկ տոնախմբությամբ: Այդ հետաքրքիր ու սիրված միջոցառումը երկրի տարբեր շրջաններում կատարվում է տարբեր սովորույթների համադրությամբ, տարբեր ժամանակներում: Նորածնի ծնողներն այդ արարողությունն ի կատար ածելու նպատակով հրավիրում են իրենց հարազատներին, բարեկամներին, միասին զվարճանում և երեխայի համար հարմար անուն ընտրում:

Խորասանի շրջանում անվանակոչության այս տոնախմբության ժամանակ հրավիրվածները նստում են սենյակի հատակին փռված գորգի վրա մինչև հաջորդ օրվա առավոտ, փոքրիկին ձեռքից ձեռք փոխանցելով` փաղաքշում են, աղոթում, հաջողություններ մաղթում, երգում, ուրախանում և մերթընդմերթ էլ թմբուկի նվագակցությամբ բարձրաձայն աղաղակում են, որպեսզի չար ոգիները վախենան և չհամարձակվեն այդ սենյակ ներթափանցել:

Ավանդապաշտ ժողովուրդը հավատացած է, որ երեխայի ծննդյան վեցերորդ օրը, որ ՙշաբե շեշ՚ են անվանում, չար ոգիները նորածնին մեկ այլ նորածնի հետ փոխելու և ծնողներին վիշտ պատճառելու նպատակով դիմում են ամեն հնարքի, ջանք չեն խնայում, որպեսզի կարողանան մոտենալ ծննդկան կնոջ անկողնուն իրենց նենգ մտադրությունն իրականացնելու համար: Այդ վտանգից խուսափելու նպատակով նորածին երեխայի մարմինն ու դեմքն այդ օրը մոխրով սևացնում կամ լեղակով ներկում են` համոզված, որ չար ոգիները կվախենան և չեն համարձակվի մոտենալ ու փոխել նրան: Չար ոգիներին վանելու

և հալածելու նպատակով բակում խարույկ են վառում, պայթուցիկներով հրավառություն են

սարքում, աղմուկ ու ծուխ առաջացնում:

Այդ օրը նորածնի ձեռքին կապում են ուղտի բրդից գործած ժապավեն, իսկ մոր աջ ոտքին ու թևին` եռագույն թել : Այնուհետև, նորածնի գլխարկին և մոր գլխաշորին ամրացնում են յոթական ասեղ: Տոնախմբության ժամանակ ներկա տարեց կանանցից մեկը մի բուռ բրինձ է վերցնում, աղոթում է և ապա բրնձի վրա փչելուց հետո այն շաղ է տալիս սենյակի անկյուններում` համոզված, որ աղոթած բրնձհատիկները չար ոգիներին մոտ չեն թողնի նորածնին: Վերոհիշյալ արարողություններից զատ` երեխայի ծնողները հացին յուղ են քսում, վրան շաքարավազ ցանում և սափորով ջրի հետ դնում են տանիքին` վստահ, որ չար ոգները տանը մոտենալիս կտեսնեն, կգայթակղվեն յուղոտ հացով, կուտեն, կկշտանան և գոհացած կհեռանան:

Ավանդության համաձայն` ծխական հոգևորականը հանդիսավորությամբ գրկում է նորածնին, աղոթք է մրմնջում ականջներում, ապա, իր ցանկությամբ որևէ անուն է արտասանում, և հենց դա էլ դառնում է երեխայի անունը: Ներկաները բարձրաձայն ողջունում են, աղոթում և շնորհավորում են երեխայի ծնողներին, հարազատներին: Այնուհետև, ըստ ավանդույթի, նորածին երեխային /անկախ սեռից/ անցկացնում են յոթ դեռահաս աղջկա փեշերի տակով, ոչխարի աչքերից, գայլի ժանիքից, ուղտի ոսկորից, օձի եղջյուրից, բորենու թաթից նախապես պատրաստած մանյակը գցում են նրա վիզը` այն համոզմունքով, որ դրա օգնությամբ երեխան կյանքում զերծ կմնա ամեն տեսակի հիվանդություններից, անախորժություններից ու չարիքից: Այս արարողության ավարտից հետո երեխային բարուրով սենյակ են բերում, տեղավորում են մեծ մաղի մեջ, ածխափոշի են շաղ տալիս բարուրին, հաց ու ազգային մանրադրամ են դնում վրան և մինչև լուսաբաց ձեռքից ձեռք փոխանցելով երգելով` ավարտում են անվանակոչության տոնակատարությունը:

Բելուջիստանում նորածին առաջին աղջիկ երեխային սովորաբար տալիս են մոր, իսկ տղա

երեխային` հոր անունները: Բելուջ ընտանիքներում ընդունված է նաև տղա երեխաներին ծառատեսակների և շաբաթվա օրերի /բացառությամբ երեքշաբթի և շաբաթ օրերի/ անուններով կոչել: 

Իսկ Համադան նահանգի ավանդապաշտ ընտանիքներում երեխայի անվանակոչությունը

Կազմակերպում են նրա ծննդյան 7-րդ օրը: Այդ օրը երեխայի ծնողները խնջույք են անում:

Ներկաները, երեխային ձեռքից ձեռք փոխանցելով, շնորհավորանքի խոսքեր են ասում, փաղաքշում, գուրգուրում, երկար տարիների առողջ կյանք են մաղթում: Նորածնի աչքերին սուրմա են քսում` հավատացած, որ դրա օգնությամբ, նա խոշոր աչքերով երեխա կդառնա:

Սպահան նահանգում երեխայի անվանակոչության տոնախմբությունը տեղի է ունենում ծննդյան երրորդ օրը: Այդ օրը հյուրերի ներկայությամբ նորածնին դնում են տաք ջրով տաշտի մեջ, ջրի մեջ մի քիչ ածուխ են լցնում և երեխային լողացնելուց հետո հայտարարվում է երեխայի անունը: Ներկաները շնորհավորում են, ուրախանում-զվարճանում և հաջողություններ մաղթում: Առանձին ավանդապաշտ ընտանիքներում էլ համոզված են, որ եթե կինը ծննդաբերության առաջին վեց օրերի ընթացքում նորածնի հետ

Տանը մենակ մնա, ապա նրան ու երեխային վնասելու կգան ՙԱլ՚ կոչվող կարմրադեմ, մեծաքիթ վհուկները: Նման վտանգից խուսափելու նպատակով, այդ ընտանիքներում շամփուրին են քաշում 3-5 գլուխ սոխ և 10 օր պահում սենյակի անկյունում, որտեղ քնում է նորածինը:

Ծննդաբերության տասներորդ օրը բաղնիքում շամփուրի վրայի սոխերը երեխայի մայրը տրորում է ոտքերով և հոսող ջրի մեջ նետում: Այդ արարողությունից հետո ՙՔառասուն բանալի՚ կոչվող թասով ջուր են լցնում կնոջ գլխինª համոզված լինելով, որ ազատվել է չար ոգիներից ու կախարդ կանանցից:

Առանձին շրջաններում սոխի փոխարեն նորածնի մոր ոտքերի տակ ընկույզ են ջարդում:

Այդ ընտանիքներում համոզված են, որ եթե նորածնի սենյակում թուր ու հրացան դրվեն կամ մահճակալի շուրջը սև բրդյա պարան կապեն, ապա մայրն ու երեխան զերծ կմնան բոլոր տեսակի անախորժություններից:

Մինչև անվանակոչության օրը նորածինը քնում է սենյակի հատակին գցած անկողնում:

Անվանակոչությունից հետո է, որ նրան դնում են օրորոցի մեջ:

 

Վրեժ Փարսադանյան

ՄԻՀՐ հանդես համար 67


14:24 - 06/11/2019    /    համար : 738136    /    ցուցադրության քանակը : 12