11/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Հատված Մասնավի պատումներ գրքից - Կենդանիների լեզուն և մահվան բոթը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Հատված Մասնավի պատումներ գրքից - Կենդանիների լեզուն և մահվան բոթը

 

 

Մի երիտասարդ դիմեց Մովսես մարգարեին և խնդրեց. «Ո՜վ Աստծու մարգարե, ինձ ուսուցանիր կենդանիների լեզուն, որ նրանց ձայներից Աստվածաճանաչության դասեր քաղեմ, որովհետև մարդկանց ձայները միայն հաց ու ջրի հայթհայթման համար են, թերևս կենդանիների ձայները լուսավորեն իմ միտքը և ինձ մղեն դեպի հավիտենական կյանք»: 

Մովսեսը պատասխանեց. «Գնա, մոռացիր այդ վտանգավոր քմահաճույքը և բարեգութԱստծուց խնդրիր քեզ դասեր տա»: 

Երիտասարդը պնդեց իր խնդրանքը և շատ թախանձեց, որ իրեն չզրկեն և իրագործեն իր փափագը: 

Մովսեսը խնդրանքով դիմեց Աստծուն. «Աստված իմ, սատանան տիրել է այս պարզամիտ երիտասարդի հոգին և նրա մեջ այդ ցանկությունը արթնացրել: Եթե սովորեցնենք կենդանիների լեզուն, նրան վնաս կպատճառենք, իսկ եթե չսովորեցնենք, սիրտը կբեկվի»: 

Աստված պատվիրեց. «Իրագործիր նրա ցանկությունը: Արժանավայել է մեզ, որ չմերժենք ոչ մեկի աղոթքը«: 

Ասաց՝ Մովսես ուսուցանիր,զի մենք 

Մեր բարեգթությամբ չենք մերժում ոչ մեկի աղոթքը... 

Վերջապես երիտասարդը համոզվեց սովորել շան և աքաղաղի լեզուն: Մովսեսը նրան հասու դարձրեց այդ երկու կենդանիների լեզուն: 

Առավոտյան՝ նախաճաշից հետո, սպասավորը հացի մնացած փշրանքները թափեց այդ կենդանիների առջև: Աքաղաղն անմիջապես կտցին առավ մի կտոր հաց ու սկսեց ուտել: Երիտասարդը, որ արդեն գիտեր կենդանիների լեզուն, լսեց նրանց խոսակցությունը: 

Շունը գանգատվեց աքաղաղին. «Դու անարդար վարվեցիր, դու կարող էիր ուտել ցորենի, գարու և այլ ընդեղենի հատիկները, մինչդեռ մենք չենք կարող դրանցով սնվել: Այդ մի կտոր հացը մեր բաժինն էր, որ գողացար»: 

Աքաղաղը պատասխանեց. «Շատ մի տխրիր,Աստված քեզ այդ մի կտոր հացից ավելի լավը կտա: Վաղը մեր տիրոջ ձին կսատկի և դու կուշտ կսնվես նրա լեշից: Ձիու մեռնելը ձեր՝ շների համար հարսանիք է և դուք առանց նեղության ճոխ սեղան կունենաք»: 

Երիտասարդը այս բանն իմանալով, իսկույնևեթ վաճառեց իր ձին, հետևաբար հաջորդ օրը շունը մնաց ձեռնունայն և չիրագործվեց աքաղաղի կանխատեսությունը: 

Շունը բողոքեց աքաղաղին, սա էլ իր հերթին արդարացավ. «Տիրոջ ձին սատկել է, միայն թե վնասը գնողին է հասել, բայց դու մի տխրիր , վաղը տիրոջ ջորին կսատկի և լեշը ձեզ կհասնի»: 

Այս լսելով տերն իսկույն վաճառեց ջորին, կրկին բան չհասավ շանը և նա խիստ բարկացավ աքաղաղի վրա. «Է՜յ դու խաբեբա, քանի օր է ինձ քո սուտ խոստումներով մոլորեցնում ես»: 

Աքաղաղը դարձյալ արդարացավ. «Այո, ջորին սատկել է, բայց վնասը գնողին է հասել: Այժմ քեզ բարի լուր եմ տալիս՝ վաղը կմեռնի տիրոջ ստրուկը և նրա հարազատները շատ հաց կթափեն շների և մյուս կենդանիների առջև»: 

Տերն այս անգամ շտապ վաճառեց ստրուկին և իր գլուխն ազատեց վնասից: Նա իրեն շատ երջանիկ էր զգում նման մեծ բարեհաջողությունից և ինքն իրեն մտածում. «Այն օրվանից, երբ սովորեցի կենդանիների լեզուն, վնասները հեռացնում և փորձանքները վանում եմ ինձանից»: 

Երջանիկ էր ,հրճվում էր ցնծագին, 

Թե ինքը փրկվեց երեք չար փորձանքներից, 

Հավքի և շան լեզուն իմանալուց ի վեր, 

Փակվել է ճակատագրի չար աչքը: 

Սակայն աքաղաղի խոստումները երեք անգամն էլ չիրագործվեցին և նա շան մոտ ամոթահար մնաց, մանավանդ որ շունը նրան ստախոս էր անվանում: Աքաղաղն ասում էր, որ Աստծու կողմից իրեն է շնորհվել մարդկանց աղոթքի ժամի ազդարարումը և ինքը սուտ ու սխալ չի կարող լինի: 

Աքաղաղը ազան ասողի պես է՝ճշտապահ, 

Արեգակին ընկերակից ու ժամապահ, 

Թե անպատեհ կանչենք ու սխալվենք, 

Դրա պատճառով մեզ կկործանենք: 

Հաջորդ օրը աքաղաղը շանը մխիթարեց. «Մի վշտանա, վաղը ինքը՝ մեր տերը, կմեռնի, և եզներ կմորթվեն, առատ ճաշ կմատուցվի, շներին ու մյուս կենդանիներին էլ լավ ուտելիքներ կհասնի»: 

Այս խոսքը լսելով՝ տերը սարսափահար շտապեց Մովսես մարգարեի տուն և մահվան ահից Մովսեսի առջև չոքեց, երկրպագեց և պաղատեց. «Ո՜վ Աստծու զրուցակից, ինձ օգնության հասիր»: 

Մովսեսը պատասխանեց. «Դու ինքդ ամենագետ ես դարձել և կարող ես քեզ փրկել ամեն տեսակ պատուհասից ու վտանգից: Հենց այնպես, ինչպես վաճառեցիր ձիդ, ջորիդ և ստրուկդ, գնա քեզ էլ վաճառիր, քեզ հասնելիք բոլոր վնասները մուսուլմանների վզին փաթաթիր: Ես չթրծված աղյուսի միջից անգամ տեսնում էի այն, ինչը դու հիմա հստակ հայելու մեջ ես տեսնում: Խոհեմ մարդը, սկզբիցևեթ, սրտի աչոք տեսնում է գործի ավարտը, բայց անգետը վերջում է նոր գլխի ընկնում: 

Խոհեմը,սկզբիցևեթ,վերջին է նայում, 

Անխոհեմը վերջում նոր է խորհում: 

Մարդը նորից լացուկոծով-հառաչանքով խնդրեց Մովսես մարգարեին, որ իր բարեգութ ձեռքով փարատի վախն ու տագնապը : 

Մովսես մարգարեն բացատրեց նրան, որ Աստծո նախախնամության աղեղից արձակված նետը (և մահը) անվերադարձնելի են: Ես Աստծուն կխնդրեմ քեզ անմեղ ու հավատացյալ հոգով տանի այս աշխարհից, որ հավերժական կյանքի արժանանաս: 

Այդ պահին կերպարանափոխվեց մարդը՝ մահվան օրհասը վրա հասավ, այլայլվեց և հասկացավ, որ պետք չէր սովորել կենդանիների լեզուն: 

Մովսես մարգարեն իր լուսաբացի աղոթքներում Աստծուց խնդրեց՝ ներել այդ մարդուն, ողորմել նրան, որ աներևույթ աշխարհի բեռը տանելու կարողությունը չուներ և նրան այս աշխարհից հավատքի եկած տանել: 

Աստված ընդունեց Մովսես մարգարեի աղոթքը և նրան հաղորդեց. «Եթե դու կամենաս, նրան և բոլոր մեռյալներին կվերակենդանացնեմ»: 

Մովսեսը պատասխանեց. «Այս աշխարհը ժամանակավոր հանգրվան է, մահը մարդունն է, աշխարհը մնալու տեղ չէ, այլ քանիօրյա պահ տված բնակավայր, ուստի ի՜նչ օգուտ նրանց վերադարձնելուց: Ողորմիր նրանց, ովքեր քո լուսապայծառ արքայություն են մուտք գործել»: 

Ականջ դիր, ով եղբայր, քո առջևում այս ուղին է դրված: Ինքնամաքրմամբ և ժուժկալությամբ պատրաստվիր հավերժի ճամբան բռնելու: Երբ մարմինը տվիր, հավերժական հոգուն կարժանանաս: Մարմինն ու մարմնական ցանկությունները թող քեզ չգայթակղեն, այլ ժուժկալության շնորհով սանձիր նրանց և հոգու պահանջները բավարարիր և շնորհակալ եղիր այդ շնորհի համար: 

Ժուժկալությունը սիրով ընդունիր, 

Մարմինը նեղելով՝ հոգին հղկիր, 

Ժուժկալությունը թե քեզ այցելի, 

Շնորհ համարիր ու փառավորվիր, 

Ժուժկալությունը բարիք է պարգևում, 

Դրա շնորհիվ լավին ես հասնում: 

 

Մոլավիի Մասնավիի պատումներ գրքից

Հեղինակ` Մոհամմեդ Մոհամմեդի Էշթեհարդի

Թարգմանիչ` Էմիկ Ալեքսանդրյան

 

 


17:31 - 05/11/2019    /    համար : 738100    /    ցուցադրության քանակը : 9