11/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Աշխարհի ամենամեծ խնձորենու փոքրիկ հեքիաթը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Աշխարհի ամենամեծ խնձորենու փոքրիկ հեքիաթը

 

 

Խնձորենու անտառը արթնացավ վաղ առավոտյան։  Սովորության համաձայն՝ բոլոր ծառերը երազում ինչ որ տեսնում էին, մշտապես պատմում էին իրար։

Երփներանգ ծաղկաբողբոջներով զարդարված ծառերից մեկը շփոթահար պատմեց.

-Երազումս իմ բոլոր ճյուղերից լի՜քը խնձորներ էին կախվել։ Երեխաներն իմ շուրջը երգում, 

պարում էին, եւ ամեն մեկը մի խնձոր էր քաղում, բայց ամեն մի նոր քաղած խնձորի տեղը անմիջապես  մի ուրիշ խնձոր էր աճում, եւ նորից ուրիշ երեխաներ էին գալիս աշխարհի բոլոր տեղերից։

Ծառերից մեկը, որի բողբոջները դեռեւս ամբողջովին չէին ծաղկել, պատմեց.

-Երազումս, երբ արեւը շողաց, անձրեւից թրջված իմ բոլոր խնձորները յոթ գույն ստացան՝ ծիածանի գույներով, իսկ ինքս հեռվից ասես ծիածան լինեի։

Անտառը լցվել էր խնձորենիների գեղեցիկ երազներով։ Ծառերը խոսում էին իրար հետ։ Հանկարծ  բոլորը լռեցին։ Ամենափոքրիկ խնձորենին դեռեւս քնած էր։ «էս ինչ ծանր քուն է»։ 

Ծառերը հետաքրքրվեցին՝ իմանալու համար, թե նա հիմա ինչ երազ է տեսնում։  Բոլորը  նրան ձայն տվեցին։ Փոքրիկ ծառը դժգոհությամբ ու անտրամադիր վեր թռավ քնից ու բացեց աչքերը։  Ծառերը միասին հարցրին.

-Դու այդ ի՞նչ երազ էիր տեսնում, որ չէիր ուզում արթնանալ։

- Աշխարհի ամենագեղեցիկ երազը,– պատասխանեց փոքրիկ ծառը,– ես, ես, ես,...- ծառը  տասնյակ անգամ կրկնեց այս բառը,– երազումս իմ ճյուղերից մեկը խիզախորեն աճեց՝ մինչև հասավ ամպերին։ Հետո իմ բոլոր ծաղկաբողբոջները թափվեցին, ու միայն մեկը մնաց  այդ ճյուղին։   Իմ միակ բողբոջը խնձոր դարձավ։ Մի մե՜ծ խնձոր... մե՜ծ... եւ այնքան մեծացավ, մինչև արևի չափ դարձավ։ Ինչքան սիրուն Էր, ափսոս, որ ինձ արթնացրին... Երանի՜ մի այդպիսի խնձոր ունենայի, որպեսզի ոչ ոք չկարողանար քաղել, ու ոչ մի թռչուն նրան չհասներ եւ... 

Փոքրիկ խնձորենին մինչեւ գիշեր ոչ մի ծառի հետ չխոսեց։ Նա ուզում Էր միայն իր երազի մասին մտածել եւ կարծում Էր՝ ինքն ավելի կարեւոր Է, քան մյուս ծառերը. «Օհ, ինչ սիրուն խնձոր էր... իմ  խնձորը... իմ... բոլորին անհասը, միակը, աննմանը...»։

Գիշեր եղավ, բոլորը քնեցին, բայց փոքրիկ խնձորենին քնում ու հանկարծ քնից վեր Էր ցատկում ու նայում էր ճյուղերին. «Գուցե հանկարծ  երազը իրականանար»։

Հանկարծ ճյուղերից մեկը շարժվեց, հետո արագորեն սլացավ դեպի ամպերը... 

Ծառը հասկացավ, որ բնությունը ցանկանում է իրականացնել իր երազանքը։ Եվ որպեսզի միակ ճյուղը լավ աճի, ծառը, ինչ ուներ-չուներ իր էության մեջ կուտակած, հավաքեց ու ուղարկեց դեպի այդ ճյուղը։ Փոքրիկ խնձորենու մյուս բոլոր բողբոջները, ոչ մի սնունդ չստանալով, թափվեցին։ Բոլոր տերեւները թափվեցին, եւ բոլոր ճյուղերը չորացան։

Ամպերին հասած բարձր ճյուղի միակ ծաղկաբողբոջը արագորեն վերածվեց խնձորի, աճե՜ց, էլի աճե՜ց... Կարմիր խնձորն առանց վախի մեծանում ու մեծանում Էր։ Փոքրիկ ծառը չգիտեր՝ երա՞զ է տեսնում, թե՞ այն, ինչ կատարվում Է, իրականություն Է։ Բայց խնձորը ինչքա՜ն գեղեցիկ Էր։

Առավոտ եղավ, սակայն անտառի մյուս ծառերը երկար ժամանակ չէին կարողանում արևին տեսնել, որովհետեւ մեծ խնձորը ծածկել էր արեւին։ Բոլորը անհանգստացան։ Ծառերի տակ աճած բոլոր ծաղիկները թառամեցին։ Խնձորի ստվերը շատ մեծ էր։ «Ինչ կարեւոր է,– ինքն իրեն մտածում էր փոքրիկ խնձորենին,– ես ունեմ աշխարհի ամենագեղեցիկ խնձորը, իսկ ծաղիկ, ուր էլ ասես, կա»։

Խնձորն ավելի մեծացավ։ Խնձորի ստվերը ծածկեց ամբողջ անտառը։ Ծառերի բոլոր տերեւները սկսեցին դեղնել։ Ծառերը միասին ճչում եւ օգնություն էին խնդրում, սակայն փոքրիկ ծառը ձեւացնում էր, որ չի լսում նրանց ձայնը։ «Ինչ փույթ,– ինքն իրեն խոսում էր ծառը, ֊ես աշխարհի ամենամեծ ճյուղը եւ աշխարհի ամենամեծ խնձորն ունեմ։ Այս փոքրիկ խնձորներից, այս փոքրիկ ծառերից ամեն տեղ էլ կա, բայց ոչ ոք մինչեւ հիմա չի տեսել այնպիսի խնձոր, ինչպիսին իմն է, հենց ավելի լավ է, որ նրանք կործանվեն, ափսոս է, որ մեր երկու մրգերի անունն էլ խնձոր լինի »:

Փոքրիկ խնձորենին մեծամտացել էր, ինքնագոհ էր դարձել եւ միայն իր խնձորի մասին էր մտածում։ Հանկարծ ողջ երկնքում, ողջ անտառում, լեռներում ու դաշտերում մի սարսափելի ձայն արձագանքեց, բարձր ճյուղը ջարդվեց։ Խնձորն այնքան էր մեծացել, որ ճյուղն այլեւս չէր կարող նրան պահել։ Խնձորը ճերմակ ու քնքուշ ամպերի վերեւից կարծր ու պինդ հողին ընկավ, կտոր-կտոր եղավ ու ճխլվեց եւ նույն արագությամբ, ինչպես աճել էր, կործանվեց։ Փոքրիկ ծառի մարմինը ցավից սկսեց նվվալ։ Հիմա ավելի էր փոքրացել։

Հանկարծ քնից արթնացավ։

«Վահ, էս ինչ երազ էր»։

Առավոտ Էր։

«Փառք Աստծո, որ Ես սովորական խնձորենի եմ,– ինքն իրեն մտածեց ծառը,– բոլոր մյուս ծառերի պես»։ Հետո իր ճյուղերը համեստորեն խոնարհեց գետնին, որպեսզի բոլոր երեխաները, ովքեր հիմա վազվզում Էին անտառում, իր անուշ ծաղկաբողբոջներից հաճույք զգան։ Մինչեւ այն օրը, երբ իր փոքրիկ խնձորները կհասունանան, ու ինքը դրանք կբաժանի բոլոր երեխաներին։ Մինչեւ այդ օրը։

 

 

Հաֆեզ Միրաֆթաբի

Պարսկերենից թարգմանեց՝ Էդուարդ Հախվերդյանը


16:05 - 5/11/2019    /    համար : 738097    /    ցուցադրության քանակը : 16