Սաֆար ամսվա ավարտին և Իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի աջակցությամբ Երևանի Կապույտ մզկիթում կազմակերպվել է սգո արարողություն:
Այդ արարողությանը մասնակցում էին հայաստանաբնակ իրանցիներ և այլազգի մուսուլմաններ, որոնք միասնական կերպով աղոթեցին մուսուլամանական սրբի հիշատակի համար:
Իմամ Ռեզան շիաների 8-րդ իմամն էր, Մուհամմադ մարգարեի նմիջական ժառանգներից յոթերորդ գծում: Իսլամական օրենսդրության, Ղուրանի և հադիսների հիանալի գիտակ էր: Նա շատ սիրված էր ժողովրդի կողմից, սակայն Աբբասյան խալիֆ Հարուն ալ-Ռաշիդը նրան չէր ընդունում: 818 թվականին Ալի Ռեզան սպանվեց Հարուն Ալ Ռաշիդի որդու` Ալ Մամունի կողմից: Վայրը, որտեղ թաղվել է Իմամ Ռեզան, կոչվել է Մաշհադ Ալ-Ռեզա («Ռեզայի նահատակության վայրը): Ավելի ուշ դամբարանի շրջակայքում հիմնվեց բնակավայր, որը հետագայում վերածվեց Մաշհադ քաղաքի:
Իմամ Ռեզայի գերեզմանի վրա կառուցված առաջին տաճարը քանդվել է Սեբուք Թեգին Ղազավիի կողմից` 993 թվականին: XI դարի սկզբին` 1009 թ., նրա որդին` Մահմուդ Ղազավին, հրամայեց վերականգնել և մեծացնել տաճարը: Մոտավորապես 1150 թ., սելջուկների թագավոր Ահմադ Սանջարը հրամայեց բարենորոգել տաճարը, այն բանից հետո, երբ նրա որդին այնտեղ բուժվեց ծանր հիվանդությունից: Ներկայումս Իմամ Ռեզայի դամբարանը շիական խոշորագույն սրբավայրերից է, ուր ամեն տարի մեծ թվով ուխտավորներ են այցելում: