Աշխարհագրություն Հայաստանը գտնվում է Անդրկովկասում` Սև ծովի և Կասպից ծովի միջև, սակայն չունի ելք դեպի ծով։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանի, արևելքից` ԼՂՀ-ի, և Ադրբեջանի հետ, հարավից` Իրանի, իսկ արևմուտքից` Թուրքիայի հետ։
Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա: Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 հզ. քառակուսի կմ կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 հզ. կմ²։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է` 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375մ։ Ամենաերկար ձգվածությունը` հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք` 200 կմ։ Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%` անտառային, 7.7%` հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%` այլ հողեր։ Բարձր լեռնագագաթներն են`
- Կապուտջուղ - 3.906
- Աժդահակ - 3.598
- Սպիտակասար - 3.555
- Իշխանասար - 3.552
- Վարդենիս - 3.522 և այլն։
Հայաստանի սահմաններում գտնվող ամենամեծ ջրային ավազանը Սևանա լիճն է, որի մակերեսը կազմում է 1263.5 քառակուսի կմ։ ՀՀ-ի ամենաերկար գետերն են` Արաքս գետը, Ախուրյան գետը, Դեբեդ գետը, Որոտանը, Հրազդան գետը, Աղստևը, Արփա գետը, Քասախը և այլն։ |