12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > ԽԱՋՈՒՅԵ ՔԵՐՄԱՆԻ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ԽԱՋՈՒՅԵ ՔԵՐՄԱՆԻ

 

 

Խաջույե Քերմանին 14-րդ դարի պարսից գրականության խոշորագույն բանաստեղծներից մեկն է: Նա ինքն իր ստեղծագործություններից մեկում իր ծննդյան տարեթիվը նշել է 689 տարին (1310):

Ըստ ժամանակի պատմագիր Դոլաթշահի, Խաջուն սերվևլ է Քիրման քաղաքի ազնվական մի տոհմից: Նա դեռ պատանի հասակում դիմել է ճամփորդության, ապրել և գիտելիքներ է ձեռք բե­րել Հիջազում, Շամում, Բեթխեհեմում, Իրաքում, Եգիպտոսումև Իրանի զանազան քաղաքներում: 1353 թվ. Բաղդադում ապրած ժամանակ, գրել և ավարտել է իր «Հոմա և Հոմայուն» պոեմ-մասնավին: Սույն ստեղծագործությունը նա ձոնել է սուլթան Աբու Մաիդին: 1357թվ. վերադարձել է Իրան և բնակություն հաստատել Իսպահան քաղաքում: Նա Շեյխ Աբու-֊Ասհաղի իշխանության ժամանակաշրջանում, որին նվիրել է իր ստեղծագործությունների սերուցքը, համեմատաբար բարեկեցիկ կյանք է վարել և հենց այստեղ էլ վախճանվել է (1371թվ.):

Խաջուի ժամանակակիցներից ամենաարժանահիշատակն, ան­շուշտ, հանճարեղ Հաֆեզն է: Այս երկու վարպետների մեջ շատ ջերմ հարաբերություններ են եղել: Ի դեպ, Խաջուն Հաֆեզից ավելի մեծ է, ստեղծագործական առումով ավելի փորձառու, և հենց այդ պատճառով էլ, ըստ որոշ գրականագետների, նրա ազդեցությունը Հաֆեզի գործերում նկատելի է:

Հաֆեզի աներկբա հռչակն, այնուամենայնիվ, ոչ մի ստվեր չի գցում Խաջուի վրա: Նա դեռևս իր կենդանության օրոք վայելել է բոլոր խավերի սերն ու հարգանքը: Նրա ամբողջ դիվանը, որը բաղ­կացած է ավելի քան քառասուն չորս հազար բեյթից, ի մի է բերվել նրա կենդանության ժամանակ մեծն վեզիր Թաջ-էդ-դին Ալի Արա­ղիի կարգադրությամբ, որն էլ իր հերթին գրականության  քաջ ջատագով էր:

Ինչպես նկատեցիք, Խաջուի գրական բազմաոճ ժառանգությունը բավական հարուստ է։

ա. Նրա ներբողներից, գազելներից, թարջիրներից, թարքիբներից և քառյակներից բաղկացած դիվանը, որոնցում գովերգում է իշխանավորին, խրատում ռամիկին և փառաբանում՝ բարեպաշտին, պարսից գրականության անսպառ գոհարներից է:

բ. Բազմահատոր «Մասնակիներ».

1.  Սամնամե, որը ռազմաշունչ և սիրային պոեմների ժողովածու է՜ գրված Ֆիրդուսու «Շահնամեի» ոճով, որն իր հերթին անդրա­դարձ է Ռուստամի պապի Սամ Նարիմանի սիրային, ռազմական և արկածային գործունեությանը (14500 բեյթ):

2.   Հոմա և Հոմայուն, որն ինչպես նշեցինք, ձոնվել է սուլթան Աբու Սաիդին: Այս պոեմը ամփոփում է երիտասարդ Հոմայուն (իրանցի) և գեղեցկուհի Հոմայի (չինացի) սիրային արկածնևրը:

3.   Ծաղիկ և Նովրուզ, որը դարձյալ մի սիրային պատմություն է Նովրուզի և հռոմեացի շահի դստեր՜ «Գոլի» (ծաղիկ) միջև: Ըստ երևույթին Խաջուն այս գործով ցանկացել է ընդօրինակել Նիզամիի «Խոսրով և Շիրին» պոեմը (5302բեյթ):

4.  «Ռոզաթ-օլ-անվար» (լույսերի պարտեզ), որը քսան չափածո հեքիաթների ժողովածու է, որոնցում նա խոսում՜ է բարոյականության, էռֆանի, և ինչու չէ նաև ինքն իր մասին և այլն...

Ուսումնասիրելով Խաջուի չափածո, նաև արձակ ստեղծագործությունները կարելի է հանգել այն ճշմարտությանը, որ նա իր ամբողջ կյանքը նվիրել է գրականությանը և, ինչպես նշեցինք, արժանացել է մեծ ուշադրության ու վայելել է բոլոր ընթերցողների սերն ու հարգանքը: Ըստ որոշ հավաստի աղբյուրների, նա բացի գրականությունից քաջածանոթ է եղել նաև իր ժամանակի բոլոր գիտություններին, հատկապես աստղագիտությանը: Նրա խոսքը կուռ է և գեղեցիկ: Չի խորշել նաև իր նախնիներին ընդօրինակելուց: Այսպես օրինակ, ներբողներում հետևել է Սանաիին, Խաղանիին և հատկապես Նիզամիին, նաև Ֆիրդուսիին, գազելում" Սաաողներում հետևել է Սանաիին, Խադդիին և ուրիշներին: Այսքանով հանդերձ պետք է նշել, որ Խաջուի ստեղծագործությունների, հատկապես գազելների  թեման նույնն է սերը, էռֆանը և բարոյականությունը, բայց երբեք նրանց չի կրկնել: Առավել ևս նա ըստ արժանվույն է լրացրել Սաադիի և Հաֆեզի միջև ընկած ժամանակահատվածը:

Խաջուի գազելների հանգավորումները, թեև խրթին են, սակայն նրա խոսքը բավական գրագետ, սահուն և թովիչ է: Գուցե քննա­դատները հենց սա են նկատի ունեցել, որ Խաջուին «Սաադիի դիվանի գող»-ի պիտակին են արժանացրել: Ոչ, այդպես չէ: Նա, ինչ­պես նշեցինք, ոչ մեկին չի կրկնել լինի դա Սաադին, Նիզամին, թե Ֆիրդուսին: Ճիշտ է սակայն, որ ասում են Հաֆեզը նրա խոսքը հասցրել է կատարելության, բայց չէ որ նա էլ անձամբ բարձր է գնահատել Խաջուի գազելները, գոհունակությամբ արձագանքել պատասխանել է նրանց և նրա որոշ տողեր նույնիսկ նույնությամբ մեջբերել է:

 

Գինարբուքից խայտառակվեցինք էս աշխարհում...

Մեր ճակատին ի սկզբանե այդպես էր գրված: (Խաջու)

Կմիանանք գինետանն հնչող հեքիաթներին,

Մեր ճակատին ի սկզբանե այդպես էր գրված: (Հաֆեզ)

 

Խաջուն իր Սամնամեում կրնկակոխ հետևել է Ֆիրդուսուն և հասկանալով այդ գործի լրջությունն ու նաև իր անզորության չա­փը, մոգական կանխազգացումով, բայց համեստորեն այսպես է եզրափակել.

 

Ֆիրդուսու արևի մոտ մի նշույլ եմ ես,

Նրա խոսքի ծովում՝ կաթիլներ պես-պես:

Բայց պեղել եմ մի վտակ հունով անսպառ,

Որ կհոսի հավերժ դեպ գրական ծովը պայծառ:

 

Որպես վերջաբան ուզում ենք ավելացնել հետևյալ մանրապա­տումը.

 

Ասում են, իբր Լենգ Թեմուրի կազմակերպած մի ճոխ երեկույթում ներկա է եղել նրա կողմից հարգված Խ. Քերմանին: Խնջույքի թեժ պահին Թեմուրը հարցրել է նրան.

-         Մեծն պոետ, ինձ ինչքա՞ն կգնահատես:

-         Քառասուն ոսկի, - անվարան պատասխանել է պոետը :

-         Քառասուն ոսկին, Խաջու, իմ ճարմանդի գինն է միայն, - զայրացել է Թեմուրը:

-         Ես էլ հենց դա ևմ նկատի առել, - ասել է պոետը:

 

Ստորև ներկայացնում ենք Խաջուի գագելներից երկուսը.

 

 ***

 

Մատովակն իր գինու թասով կյանքիս ջուրն է լցնում, տանում,

Վկան էլ իր տաք հայացքով աչքիս քունն է փախցնում, տանում:

Ոմանք ուրախ ձեռքս բռնած ինձ քաշում են վանքից-միհրաբ,

Մյուսներն էլ մզկիթներից դեպ տաճար են հասնում, տանում:

Սուրբ Մեքքայի բնակիչներն, երբ շարունակ ինձ են փնտրում,

Ճամփան նրանց կուսանոց կամ մենաստան է շեղում, տանում:

Ատրուշանի շուրջը ցրված ցախ ու տատասկ ավլող ծառան,

Գինովցած դիս շալակում ու թաղից-թաղ է բերում, տանում:

Գերի եմ միշտ փերիների շղթայակերպ խոպոպներին,

Գիտուններն էլ ցավը խենթիս հույժ խանդով են զգում, տանում:

Գիս ու գիշեր խառնվել են խավարի մեջ, սիրող սիրտը չի մոլորվում,

Գուցե նրան իր յարի մոտ քսու մուշկն է ձգում, տանում:

Սաստիկ, ահեղ դատաստանից խելակորույս սիրահարին,

Դեպի դժոխք կամ էլ դրախտ հորդորով են խաբում, տանում:

Էն խենթուկն էլ, ով գինով է մարում վառվող սրտի բոցը,

Հակինթաշուրթ իր յարի մոտ, ալ գինի է շփոթում, տանում:

Քնարերգու պոետներն էլ ամեն անգամ մինչ ուշ գիշեր,

Քո իղձերի կանաչացիր թերթիկներն են պոկում, տանում:

Մարգարտաշաղ դեմքիդ կարոտ խեղճ ու կրակ մուրացիկն էլ,

Գոգնոց-գոգնոց գոհարներ է ծով աչքիցս որսում, տանում:

Հողեղենը մեր լաց կոծից խինդ է սփռում ծովի փեշին,

Թեպետ նրա աղի ջուրը աչքերիցս է քամում, տանում:

«Խաջուն» ինչպես քեզ գովերգի, որ երկնային սրբերը ողջ,

Որպես փերուն վայելուչ զարդ, նրա խոսքն են հնձում, տանում:

 

*** 


Մենք մեր սիրտը նվիրեցինք ու կենսախինդ մի կյանք գտանք,

Գանձ էր, մասունք, ոտքերիդ տակ նետեցինք ու հանք գտանք:

Երբ սլացիկ քո հասակով մտար պարտեզ դու ճեմելու,

Ազատատենչ նոճիներում հիացմունք ու զարմանք գտանք:

Ձյունաճերմակ պարանոցիդ թուխ վարսերի հուրքը տեսանք,

Եվ ուռենու ջինջ հայացքում մի հոգեցունց շիկնանք գտանք:

Սիրո բույնը մեր շինեցինք արծվանիստ լեռ-գագաթին,

Սրտի հավքն, իսկ, թռցրեցինք և ամենուր հարգանք գտանք:

Աշխարհակալ կուզես դառնալ, գնա, շրջիր, քանի որ մենք,

Թափառելով այսպես մենակ բյուր կուսական տեղանք գտանք:

Քանի դեռ մենք մուտք չենք գործել էն ավետյաց լույս աշխարհը,

Քավ լիցի, թե մեր հրեշտակիդ բարի խոսք կամ նազանք գտանք:

Փորձեցինք մենք, երկար ատեն, մեր սիրո հետ կապը խզել,

Մնալ մենակ ու անփչակ, բայց սրանում խաբկանք գտանք:

Հիմա հոգիս լոկ անտարբեր հայացքներիդ հիվանդը չէ,

Ամեն ինչում թուլությունն, իսկ, ամեն ոքից օրհնանք գտանք:

Սիրուդ վշտի ճոխ պարտեզում այնքան արյուն արտասվեցինք,

Որ ցանկացած ծառ ու ծաղկում, բոսորագույն հեգնանք գտանք:

Թարթիչներիդ փշե հուշով, երբ Խաջուն իր աչքը բացեց,

Նրա դեմք ու մորուսի մեջ նիզակների ցոլանք գտանք:

Սիրո յոթ քաղաքը գրքից

Պարսկերենից թարգմանեց՝ Ջանի Ղարիբյանը

 

 


12:21 - 22/02/2021    /    համար : 765241    /    ցուցադրության քանակը : 44