27/01/2021

հայերեն فارسی

Չարժե անվերջ ապագային հայացք գցել, Վայելի՛ր այն, ինչ այս օրն է քեզ մատուցել, Ուր որ է և մենք մավան հետ կհանդիպենք, Ինչպես նրանք, որ դեռ աղուց են գնացել։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > 86 տարեկան հասակում մահացել է Մահմուդ Քիանուշը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

86 տարեկան հասակում մահացել է Մահմուդ Քիանուշը

 

86 տարեկան հասակում Լոնդոնում մահացել է  բանաստեղծ, գրող, գրականագետ և թարգմանիչ՝ Մահմուդ Քիանուշը։ Տարբեր ոլորտներում ունեցել է բարձր որակի աշխատություն: Նա հիշատակվում է որպես «մանկական պոեզիայի հիմնադիրն արդի տեսքով»:

2021թ. Հունվարի 12-ին, Լոնդոնի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկում մահացավ Մահմուդ Քիանուշը: Քիանուշը իր առաջին բանաստեղծական գիրքը, որը   «Շաբեստան» վերնագրով էր հրատարակեց 1960-ին:

Իրանում հրատարակված բանաստեղծությունների, պատմվածքների, պիեսների, գրական քննադատության և հետազոտությունների տասնյակ գրքերից և մեծ գրողների ստեղծագործությունների մի քանի թարգմանություններից բացի, Քիանուշը հրատարակել է բանաստեղծությունների երեք գիրք անգլերեն և հայտնի իրանցի բանաստեղծների ստեղծագործությունների ընտրանին՝ իր իսկ թարգմանությամբ ՝ բավականին երկար ներածություններով:  

Իր ստեղծագործություններից են՝ Երկեր՝ «Շշմանքի բողբոջը», «Պարզ եւ խոնավ», «Ձյուն եւ ար­յուն», «Սուզորդն ու ձուկը», «Հոգնած ջրեր»...

Մահմուդ Քիանուշը ծնվել էր 1934 թ. Մաշհադ քաղաքում։

Ներկայացնում ենք իր գործերից Վարանդի թարգմանությամբ։

 

ԱՄԵՆ ԻՆՉ ՋՐԱՊՏՈՒՅՏ Է

Ամեն ինչ ջրապտույտ է,

Ամեն տեղ աղաղակ է սարսափի,

Ես սար ժայռերի վրա

Ընկնում եմ ինքս իմ մեջ,

Մահանում ինքս իմ մեջ,

Ինքս իմ մեջ փտում,

Եվ բառերն են ծաղկում, փթթում:

 

Փոթորիկը թաթ է նետում,

Բարկությունը շղթան հատում,

Եթե կորչի դիմադրությունը քարի.

Ծով է արյան անսանձահարելի,

Ու ես ծով եմ արյան,

Որ էլ ուժ չունեմ դիմադրության...

 

Ո՜վ վախճան,

Ի՜նչ է անունը սիրուհուդ,

Որ կանչեմ քեզ,

Որ քեզ կանչեմ,

Կանչե՞մ այն աղաղակով,

Որ պայթյունն է

Լինել- չլինելու...

 

Լսել եմ առասպելը քո,

Ամեն խոսք,

Ամեն մարդ քո առասպելն է.

Սակայն ես միայն քեզ եմ ուզում...

 

Ո՜վ վախճան,

Եթե քո երկիրը,

Քո բույնը եթե

Երկրների եւ անունների մյուս կողմում է,

Մինչ մյուս կողմը քո երկրի,

Մինչ քո բնի մյուս կողմը

Կտարածեմ՝

Անճրկած ծովը արյան փոթորիկով,

Որ լինել-չլինելու աղաղակն է,

Անսահմա՜ն...

 

Ո՜վ վախճան,

Ինձ մեծության երգ դարձրու,

Կանչի՛ր ինձ,

Ինձ դարձրո՛ւ արտասուք ընդվզման,

Հոսեցրո՛ւ ինձ,

Ինձ խենթության զգեստ դարձրո՛ւ,

Հագի՛ր ինձ...

 

Գնացե՛ք, ով ինքնախաբեբաներ,

Թե ձեր ստվերը

Մի կայծակի կյանքով

Փշրվի ինձ վրա,

Կանիծեմ ինձ հավիտենապե՜ս...

....

Ամեն ինչ ջրապտույտ է,

Եւ իմ գլուխը ջրապտույտ է

Ամեն ինչի.

Գլորվում եմ,

Բեկվում եմ, աղաղակում

Ու թափվում խորքերում...

 

Ամեն ինչի

Ճահճի կրծքում,

Ինձնից ավելի մոլորված,

Մի ժպիտ,

Մի հայացք

Եւ մի բառ կա,

Որ ձեռք է նետում ունայնության,

Պաշտպանվում է անկումից,

Որ քարին է աղաչում...

....

Գնացեք, ո՜վ դատարկամիտներ,

Որ աստվածների գոռոզությամբ

Խռծիկներ եք՝

Ձեր սարսափների

Ապուշական

Խաղերի համար,

Եվ հոխորտում էք:

 

Եթե իմ անունը լսեմ

Ձեր լեզվից,

Եթե ձեռքս զգամ ձեր ձեռքերի մեջ,

Թե քայլս համաքայլ տեսնեմ ձեզ հետ,

Ապա այս մեղքի պատժով,

- Որ արատի վերքը ծլեցնում է

Զվարթության կրծքին.

Գլուխս Սադայելի ոտքի առջեւ

Հողին կնետեմ

Իբրեւ թարախակալ մի թո՛ւք...

....

Ո՛վ վախճան,

Քո հայացքն այս անսահմանության

Ո՞ր կետում է կանգ առել,

Իր հնամենի շտապողականությունից,

Որպեսզի այնտեղ մի սեւ ու կորած աստղի

Անունը վեր կարկառեմ

Բարձր սյունի պես,

Եվ քո հայացքի

Մնացուկի վերջին պահին

Ինձ կախեմ դրա կատարից...

 

Ջրապտույտ է ամեն ինչ,

Ամեն տեղ սարսափի աղաղակ է

Իմ գլուխը ջրապտույտն է ամեն ինչի:

 

Գնացեք, ո՛վ ինքնախաբողներ.

Ես եթե դագաղ լինեի,

Չէի գրկի ձեր սարսափը

Մինչ շիրմատուն:

Հիմա, որ սայլ եմ աննպատակ բարությունների,

Ինչպե՜ս լեռների համբերատարությամբ

Ու հնազանդությամբ ջրերի՝

Ձեզ հասցնեմ մինչ ձեր

Տմարդի երկերեսությունների

Առագաստը հարսանեկան:

....

Ո՜վ, վախճան,

Նա ով կյանքի համար,

Եւ բոլոր սկիզբների գնով

Կռվել է կարիքի դեմ՝ ես եմ...

 

Ես եմ,

Ով դժգույն փշաստանները մտքում

Քայլել է այգիների երկայնքով,

Եվ շրջել է շքեղ դահլիճներում,

Բարի արեւի ալաչուխների

Ավերված երգը մրմնջալով...

 

Եվ այժմ փախչում եմ ճահճից,

Վերագտնում եմ ինձ

Ոսկեթույր միջատներում,

Որ նրանց նեխած եղջյուրիկների տակ

Մի անցք գտնեմ

Դեպի դուրս...

 

Ո՜վ վախճան,

Մի լապտեր վերցրու

Եվ այս ճամփի վերջում նստիր՝

Քո անկոչ հյուրին սպասելով...

 

Գնացեք, ո՜վ դատարկամիտներ,

Ինքնախաբեբաներ,

Ես ծանոթանալու համար

Շքեղանքը զոհեցի ձեր առջեւ

Եվ գաղտնիքը կոտրեցի.

Հիմա եթե շքեղանք եմ զոհված,

Կամ գաղտնիք եմ կոտրված՝

Ինքնախաբեության անդամալույծը

Չեմ դառնալու:

Գնացեք, որ ձեր հայացքի

Անիծված շղթան,

Զույգ ձեռքերի պատկերով չկախվի վզիս,

Որպեսզի ձեր քաղցերի եւ կարիքների համար,

Ձեր ինքնացուցադրությունների

Խորին ծարավի համար,

Այն ժամանակի համար,

Որ սայթաքում են ոտները,

Եւ այն ժամանակի, որ չհասնելու վիշտը

Կյանքիդ իժն է դառնում

Ձեր նայվածքի անիծյալ շղթան

Չկախե՛ք իմ վզին...

Ամեն ինչ ջրապտույտ է,

Ամեն տեղ աղաղակ է

Սարսափի...

Ես շպրտվում եմ իմ մեջ,

Սպանվում ինձ մեջ,

Իմ մեջ փտում

Եւ բառերն են ծաղկում, փթթում... 

ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

դոկտ ՎԱՐԱՆԴ ՍՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ

 


11:22 - 13/01/2021    /    համար : 763387    /    ցուցադրության քանակը : 50