ՔԵՅ-ՔԱՈԻՍՆ ՈԻ ՆՐԱ «ՂԱԲՈԻՍ-ՆԱՄԵՆ» շարքից
Որդի՛ս, իմացի՛ր, որ ամենաբարձրյալն Աստված իր իշխանավոր ու ընտրյալ ծառաների վրա դրել է երկու պարտականություն՝ հաջի1 ու զաքաթ2 և պարտավորեցրել, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով հնարավորություն ունի, երկրպագի նրա տանը։ Իսկ ովքեր հնարավորություն չունեն հաջի դառնալու, նրանց չի ստիպել։ Մի՞թե չես տեսնում, որ այս աշխարհում էլ արքունիքի դռները բաց են միմիայն ունևորների առջև։
Հաջի դառնալու երանությունը ճանապարհորդելու մեջ է։ Հնարավորություն չունեցող մարդուն դրդել այդ քայլին, խելացի բան չէ, որովհետև առանց նյութական միջոցների ճանապարհորդել վտանգավոր է։
Եթե հնարավորություն ունենաս և չճանապարհորդես, ուրեմն աշխարհի ողորմածության հաճույքն ու բավականությունն ամբողջովին չես զգա։ Այս աշխարհի հարստությունից ստանալու մեծագույն հաճույքն այն է, որ տեսնես այն, ինչ չես տեսել, ուտես այն, ինչ չես կերել և հայթայթես այն, ինչ չես ունեցել, իսկ դա հնարավոր կլինի միմիայն ճանապարհորդելու շնորհիվ։ Ճանապարհորդներն ամեն ինչ տեսած, փորձված, երջանիկ ու գիտուն մարդիկ են, որովհետև ինչ որ չեն տեսել, տեսնում են. ինչ որ չեն լսել, լսում են։ Արաբներն ասում են. «Սեփական աչքով տեսածը լսածից լավ է»։
Արարիչը կարգադրել է ճանապարհորդել հարուստներին, որ իրեն արժանի պատիվ տան, հնարավորության սահմաններում արժանանան իր ողորմածությանը և վայելեն այն, կատարեն իր հրամանն ու երկրպագեն իր տանը։ Իսկ ընչազուրկ, ճանապարհի պաշար չունեցող աղքատին Աստված այս բանը չի կարգադրել։ Ինչպես ես եմ ասել այդ մասին.
Եթե ընկերը չի հարգի իմ դերվիշությունը,
Տուն չի հրավիրի, կնսեմացնի, վրաս էլ չի նայի,
Ներելի է, քանզի երկու աշխարհի Արարիչը
Դերվիշներին չի հրավիրել իր մենաստանը։
Որդի՛ս, եթե աղքատը գնում է հաջի դառնալու, ինքն իրեն գցում է փորձանքի մեջ, որովհետև ունևորի գործին հետևող աղքատը նման է այն հիվանդին, որն առողջ մարդու գործ է կատարում, և սա ինձ հիշեցնում է մի հարուստ և մի աղքատ հաջիների պատմությունը։
Առակ. լսել եմ, որ մի անգամ Բուխարայի կառավարիչը որոշում է այցելել Աստծո տունը3 և հաջի դառնալ։ Սա շատ հարուստ է լինում և քարավանում իրենից ունևոր մարդ չի լինում։ Նրա ունեցվածքը բարձում են հարյուրից ավելի ուղտերի, իսկ ինքը պառկում է գահավորակին՝ իր հաճույքներով ու երանությամբ տարված։ Նրա հետ միասին գնում են բազմաթիվ աղքատներ և ունևորներ։ Երբ սա հասնում է Արաֆատ, հանդիպում է մի դերվիշի, որը ոտաբոբիկ է լինում, սոված-ծարավ, իսկ ոտքերն էլ ամբողջովին վերքոտված։ Երբ տեսնում է առատության ու ինքնագոհության մեջ գտնվող Բուխարայի տիրակալին, ասում է. «Չնայած դու գնում ես այսպիսի ճոխությամբ, իսկ ես էլ այսպիսի տանջանքով եմ ինձ քարշ տալիս, բայց իմացիր, որ վերջին դատաստանի օրը երկուսիս էլ միատեսակ կգնահատեն»: Բուխարայի տիրակալը պատասխանում է. «Աստված մի՛ արասցե, որ իմ հատուցումը հավասար լինի քոնին և դատաստանի օրն ամենաբարձրյալն Աստված ինձ ու քեզ միատեսակ դատի։ Եթե իմանայի, որ մեր արժանիքները պիտի հավասարեցնեին իրար, դրա համար չէի կտրի-անցնի անապատը»:
«Ինչո՞ւ»,–հարցնում է դերվիշը։ Հարուստը պատասխանում է. «Ես կատարում եմ ամենակալ Աստծո հրամանը, իսկ դու խախտում ես այն։ Ինձ հրավիրել են, ես հյուր եմ, իսկ դու պնակալեզ ես։ Եվ մի՞թե պնակալեզը կարող է հավասարվել Աստծո հրավիրած հյուրին։ Ամենաբարձրյալն Աստված հաջի դաոնալը պարտավորեցրել է միմիայն հարուստներին, իսկ աղքատներին ասել, որ նրանք սեփական ձեռքերով իրենք իրենց չգցեն փորձանքի մեջ: Դու առանց Աստծո հրամանի, աղքատ ու սոված եկել ես անապատ և վտանգի ենթարկել քեզ։ Ինչո՞ւ ես ուզում հավասարվել Աստծո հրամանը կատարողին»:
Յուրաքանչյուր ոք, ով հարուստ է, թող հաջի դառնա, որովհետև դրանով նա վճարած կլինի և՛ հարստության տուրքը, և՛ կատարած կլինի Արարչի հրամանը։
Դրա համար էլ, որդի՛ս, եթե հաջի դաոնալու միջոցներ ունենաս, Աստծո ծառայության մեջ անփույթ մի՛ եղիր։
Հաջի դառնալու համար անհրաժեշտ է հինգ հանգամանք. հարստություն, ազատ ժամանակ, իշխանություն, անվտանգություն և հանգստություն։ Եթե այս բոլորն ունեցար, աշխատիր լիիրավ ծառայել Աստծուն։
Իմացի՛ր, որ հաջի դառնալն այնպիսի ծառայություն է Աստծուն, որ եթե կարող ես ու չես կատարում, քեզ ներում չկա։ Ամենաբարձրյալն Աստված զաքաթը կատարողներին համարում է իր մտերիմները։ Զաքաթ կատարողը ուրիշներից տարբերվում է այնպես, ինչպես թագավորն իր ստորադասներից։ Նա հանապազօրյա հաց է տալիս, իսկ ուրիշները միայն ստացող են։
Արարիչը նախասահմանել է, որպեսզի ոմանք աղքատ լինեն, ոմանք՝ հարուստ։ Ախր, նա կարող էր բոլորին հարուստ ստեղծել, բայց, համենայն դեպս, նա իր արարածներին ստեղծել է երկու տեսակ, որպեսզի ի հայտ բերի նրանց արժանիքներն ու կոչումը, արժանիներին տարբերի անարժաններից։ Այդպես էլ թագավորը կարող է ստրուկին դարձնել ժողովրդի սնուցող, իսկ եթե այդ ստրուկն հանապազօրյա հացն ինքն ուտի ու մարդկանց չտա, նա չի փրկվի թագավորի զայրույթից։ Նույնպես էլ հարուստը, եթե հանապազօրյա հացն ուտի ու զաքաթը չկատարի, Աստծո ցասումը կթափվի նրա գլխին։
Զաքաթը տարեկան կատարվում է մեկ անգամ և սա անհրաժեշտ պարտավորություն Է։ Իսկ ողորմություն տալը թեկուզ պարտադիր չէ, բայց դա կախված է մարդու առատաձեռնությունից ու մարդասիրությունից։ Որքան կարող ես, ողորմություն արա և անփույթ մի՛ եղիր այդ գործում, որովհետև ողորմություն անողին միշտ Աստված է հովանավորում, իսկ Աստծո հովանավորությունը մեծ բախտ պիտի համարել։
Որդի՛ս, զգուշացի՛ր, հաջի դառնալու և զաքաթի ժամանակ սրտումդ չկասկածես ու չասես, թե ի՞նչ կարիք կա վազելու, շորերը հանելու, մազերն ու եղունգները պոկռտելու կամ չմտածես, թե ինչո՞ւ քսան դինարիցդ կես դինար պիտի տաս և դա ինչ զաքատ է, ի՞նչ են ուզում ոչխարներից, ուղտերից, ինչի՞ են զոհաբերում։ Այդպիսի մտքերից մաքրի՛ր հոգիդ։ Այնպես մի՛ մտածիր, թե ինչ որ դու չգիտես, անօգուտ է։ Օգտակարն էլ հենց այն է, ինչը մենք չենք հասկանում։ Դու սկսիր կատարել ամենաբարձրյալն Աստծո պատվիրանը, բայց թե ինչո՞ւ համար, դա արդեն քո գործը չէ։ Իսկ երբ կատարես Արարչի պատվիրանը, իմացիր նաև ծնողի նկատմամբ քո ունեցած պարտականությունը, որովհետև Աստծո պատվիրաններից մեկն էլ դա է։
Ռուսերենից թարգմանեցին
Արամ և Մաղվալա Սահակյանները