21/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎԵԼՔԸ. ԹՈՒՄԱՆՅԱՆ /Հարցադրման ուրվագիծ/


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎԵԼՔԸ. ԹՈՒՄԱՆՅԱՆ /Հարցադրման ուրվագիծ/

 

Հայերն իբրև ժողովուրդ առաջացել և գոյատևել են մի այնպիսի տարածքում, որը կարող է համարվել Եվրոպայի սահմանը դեպի արևելք: Սա` եթե նայենք Եվրոպայից: Բայց եթե նայենք Արևելքից, կարող ենք նաև ասել, որ Հայաստանը Արևելքի սահմանն է, Արևելքի վերջին դրսևորումը Եվրոպայի սահմանին: Եվ բանը միայն աշխարհագրությունը չէ. հայկական գիտակցության մեջ մի բան կա, որ ժամանակ առ ժամանակ ստիպում է խոսել եվրոպական կամ արևելյան տարրի գերակայության մասին: Այս իրողությունն արդեն ստիպում է մտածել եվրասիական մշակութային միջավայրում հայկական մշակույթի գրաված ինքնատիպ տեղի մասին: (Այդ տեղը ոչ բարձր է, ոչ ցածր է ուրիշներից, դա պարզապես նրա առանձնահատկությունն է):

Հայերը պատկանում են ժողովուրդների այն ընտանիքին, որն անվանում են հնդեվրոպական: Այստեղ հայերի մերձավորագույն ազգակիցները եղել են պարսիկները: Եվ պատահական չէ, որ հայերենում բազմաթիվ արմատներ կան, որոնք եկել են պարսկերենից. լեզվաբանները գտնում են, որ պարսկական փոխառությունները հայերենում ամենամեծ խումբն են կազմում: Այստեղ արժե հիշատակել գոնե մեկ փաստ հայոց հին գրականությունից: Լայնորեն հայտնի է Մովսես Խորենացու դիմումը, իր, ժամանակակից բառերով ասած, պատվիրատուին ու հովանավորին` Սմբատ Բագրատունուն: Նա խստորեն հանդիմանում է իշխանին պարսկական առասպելների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար և դրանք հակադրում հունական մշակույթին:

Խորենացին այդ մշակույթի գիտակն ու սիրահարն էր, և նրա ՙՀայոց պատմությունը՚ իր կառուցվածքով ու գաղափարներով դրա վկայությունն է: Բայց մեզ համար նույնքան հետաքրքրական պետք է լինի նաև իշխան Բագրատունու ցանկությունը` իր պատվիրած պատմության մեջ տեսնել պարսկական ՙխեցբեկագույն՚, ինչպես բնութագրում է Խորենացին, առասպելների շարադրանքը: Այստեղից կարելի է մի պարզ հետևություն անել` հայ հասարակության գոնե մի մասի մեջ պարսկական մշակույթը սիրված և տարածված էր:

Խորենացու հաղորդած այս միակ փաստի մեջ արդեն երևում է հայկական մշակույթի վերը հիշված առանձնահատկությունը: Ոչ հունականը, ոչ պարսկականը խորթ չեն նրան:

Իրենց հետագա զարգացման ընթացքում հայ ժողովուրդը կտրուկ անցումներ չկատարեց մեկ մշակույթից դեպի մյուսը, վերցնելով այն, ինչ իրեն անհրաժեշտ էր, և մեկից, և մյուսից: Մենք այսօր հնարավորություն չունենք մանրամասնորեն բնութագրելու այդ պատմության բոլոր շրջանները, ուստի ես ավելի հանգամանորեն կխոսեմ 19-20-րդ դարերի մասին: Բայց մինչև 19-րդ դարին անցնելը ես մի քանի խոսք պիտի ասեմ Սայաթ-Նովայի մասին, որի ստեղծագործությունը ամբողջապես պատկանում է 18-րդ դարին: Սայաթ-Նովան մեծ բանաստեղծ էր, բայց` աշուղ-բանաստեղծ: Շատ բան Սայաթ-Նովային կապում է Եվրոպայի հետ. բայց աշուղ լինելու հանգամանքը վկայում է նրա արևելյան կերպի մասին: Աշուղական արվեստը, անշուշտ, իր զուգահեռն ուներ Եվրոպայում, տրուբադուրների, մինեզինգերների և այլոց խոսքի արվեստով: Սայաթ-Նովան Բարձրակետն էր. բայց հայ իրականության մեջ աշուղական արվեստը շատ հարգի էր և տարածված դեռ մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակները: Ուրեմն, Սայաթ-Նովայի արվեստը խոր արմատներ ուներ հայկական իրականության և հայկական գիտակցության մեջ:

Ազատ Եղիազարյան

ՄԻՀՐ Հանդես #73

շարունակությունը այստեղ

 


13:14 - 26/06/2020    /    համար : 753101    /    ցուցադրության քանակը : 39