12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > Սաադին՝ Իրանի հանճարեղ բանաստեղծը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Սաադին՝ Իրանի հանճարեղ բանաստեղծը

Ով էր Սաադին, որտեղ է ծնվել և ինչ կյանք է ունեցել

Աբու Աբդոլլահ Մոսլեհ էդ-դին Սաադի Շիրազին (Սաադի) պարսից դասական գրականության չորս հիմնական սյուներից մեկն է համարվում։ Ծնվել է Շիրազում 13-րդ դարում: Սաադու ծնունդը համընկել է մոնղոլական արշավանքների հետ, որոնց արդյունքում իրանական հզոր քաղաքակրթությունը ծանր հարվածներ կրեց: Մասամբ այդ պատճառով մեծ բանաստեղծի կյանքը երբեք հանգիստ չի եղել, այլ անցել է տևական դեգերումների մեջ:
Սաադին ծնվել է աստվածաբան գիտնականների ընտանիքում։
Բարեպաշտներ են գերդաստանիս անդամները ողջ,
Սիրուդ ուսացիչն է ինձ բանաստեղծ կարգել։
Ապագա բանաստեղծն իր սկզբնական կրթությունը ստացել է Շիրազ քաղա­քում։ Հետագայում Շիրազի կառավարիչ Աթաբեկի հովանավորությամբ Սաադին մեկնել է Բաղդադ և սովորել տեղի «Նիզամիե» կոչվող հռչակավոր դպրոցում։ Ուսումը կատարելագործելու նպատակով աշակերտել Է ժամանակի խոշորագույն գրականագետ - աստվածաբան Աբոլֆարաջ Էբնե Ջոզիին և հանճարեղ սուֆի Օմար Էբնե Մոհամմադ Սոհրվեվարդիին։ «Գոլեսթան» և «Բուսթան» երկե­րում Սաադին երախտագիտությամբ է հիշատակել իր երկու անվանի ուսու­ցիչներին:
Մի քանի տարի Բաղդադում ապրելուց և սովորելուց հետո երիտասարդ սուֆին սկսել է իր երկարատև ճամփորդությունների շարքը։
Կարծիք կա, որ Սաադին 14 անգամ (որից մեծ մասը ոտքով) ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա։ Արաբական դասական լեզվի հիանալի իմացության շնորհիվ նա Դամասկոսում դառնում է քարոզիչ, հետո որպես վանական մեկնում է Երուսաղեմի անապատներից մեկը։ Այնտեղ նա գերի է ընկնում խաչակիրների մոտ, ովքեր նրան տեղափոխում են Տրիպոլի, և նա որպես բանվոր աշխատում է ամրոցի շինարարությունում։ Այնտեղից նրան որպես ստրուկ գնում է մի հարուստ՝ Ալեպպո քաղաքից և ամուսնացնում իր տգեղ և անկիրթ աղջկա հետ։ Չդիմանալով այդպիսի կյանքին՝ Սաադին փախչում է Հյուսիսային Աֆրիկա։
Այսպիսով իր երկար կյանքի ընթացքում Սաադին եղել է Շա­մում (Ասորիք), Հիջազում, Լիբանանում և Ռումում (Փոքր Ասիա), հանդիպել է նշանավոր բազմաթիվ գիտնականների, քարոզներ ու խրատներ կարդալով գրավել է շատերի ուշադրությունը, ծանոթացել է տարբեր մարդկանց, մշակույթների և ավանդույթների հետ, «հասկեր քաղել» այստեղից ու այնտեղից և այդ բոլորն արտացոլել է իր ստեղծագործություններում։
Ալամ–աշխարհ պտույտ եկա,
Հազար տեսակ մարդ տեսա։
Ամեն մեկից օգտվեցի,
Ամեն կալից հասկ քաղեցի։
Աշխարհ տեսնելով ու գիտելիքների հարուստ պաշար ձեռք բերելով ՝ վե­րադառնում է Շիրազ՝ իր ծննդավայրը։ Այդ դաժան տարիներին բանաստեղծի հայրենի Շիրազը փրկվեց մոնղոլների ավերիչ արշավանքներից մասամբ Շիրազի կառավարիչներ Աթաբեկ Աբուբաքր իբն Սաադ Զաքանիի, ապա նրա որդու՝ Սաադի ջանքերով: Ի դեպ, ենթադրվում է , որ բասնատեղծն իր մականունը վերցրել է հենց այս իշխանավորների անունից: Բանաստեղծը թե մեկին և թե մյու­սին հարգել ու սիրել է և հենց այդ պատճառով էլ նրանց է նվիրել իր երկու գլուխգործոցները «Բուստանը»՝ հորը, իսկ «Գոլեսթանը» որդուն... Սաադին վախճանվել է 691–ին(1312 թ.), ոմանց կարծի­քով 690–695–ին։ Նրա դամբարանը «Սաադիեն» այժմ համարվում է Շիրազ քաղաքի ուխտատեղերից մեկը։

Տեսանյութում ներկայացվում է Իրանի մեծ բանաստեղծ Սաադու կյանքն ու գործունեությունը

https://www.youtube.com/watch?v=wJfp9nCUzQc


15:49 - 01/06/2021    /    համար : 769841    /    ցուցադրության քանակը : 15