27/01/2021

հայերեն فارسی

Չարժե անվերջ ապագային հայացք գցել, Վայելի՛ր այն, ինչ այս օրն է քեզ մատուցել, Ուր որ է և մենք մավան հետ կհանդիպենք, Ինչպես նրանք, որ դեռ աղուց են գնացել։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Զորիկ Մուրադյան


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Զորիկ Մուրադյան

Հիշում է Զորիկի մայրը...
Ամուսինս ոչ մի անգամ զավակներիս տղա կամ աղջիկ լինելու մասին բան չէր ասում: Երբեք: Միշտ ասում էր, թե երեխան պարգև է աստծո կողմից: Աղջիկ կամ տղա լինելը նշանակություն չունի: Բայց դե ես ինքս ուզում էի համ տղա ունենալ, համ աղջիկ, ու հայտնի խոսքով՝ տեսակս թամամվի:
Մինչև 39 տարեկանս սակայն չէր հաջողվում: Դրանից առաջ Աստված մեզ երեք աղջիկ էր շնորհել: Ամենքն էլ առողջ, մեկը մեկից սիրուն: Մեծազոր Աստվածը իմ սրտի ցանկությունը միայն չորրորդ զավակովս ի կատար ածեց ու աղջիկներիս կողքին իրենց պես սիրուն որդի ընծայեց: Անունը դրեցի Զորիկ: Զորիկից հետո Աստված մի աղջիկ զավակով էլ լիացրեց մեր ընտանիքի ջերմությունը:
Այդ ժամանակ չկարողացա հասկանալ, թե ամուսինս՝ Վահանը, ինչքան է ուրախացել Զորիկի լույս աշխարհ գալով, որովհետև ոչ մի տարբերություն չէի տեսնում որդուս ու մյուս զավակներիս հանդեպ ցույց տված վերաբերմունքի մեջ: Զորիկի հանդեպ նա սիրո ամբողջ խորությունը զգացի, երբ որ տղայիս նահատակվելուց հետո կաթված ստացավ ու տասնվեց տարի անկողնուն գամված մնաց:
Ես ու իր չորս չորս քույրերը Զորիկին շատ էինք սիրում, շատ շատ: Ընտանիքի միակ արու զավակն էր ու ամեն կերպ աշխատում էինք սիրտն առնել: Շատ ուշիմ ու ուսումնատենչ տղա էր: Միշտ դասարանի առաջին աշակերտն էր: Նույնիսկ համալսարանի ընդունելության քննութան ժամանակ երկրից դուրս սովորելու կրթաթոշակ ստացավ, բայց չգնաց: Ասաց. «Ես երբեք Իրանից չեմ գնա: Ուզում եմ իմ հայրենիքին ծառայել ու զինվորական դառնալ»: Ես ասեցի՝ մի՞թե կթողնեմ, որ միակ որդիս ծառայելու գնա, բայց ամեն կերպ կարողացավ սիրտս փափկացնել ու համաձայնությունս ստանալով՝ ծառայելու գնաց:
1979 թվին գնաց ծառայելու և առաջին երեք ամիսը Շահռուդում անցկացրեց: Երեք ամսից զանգեց, թե Ուրմիա տեղափոխվելու հրաման է եկել և գնացքով պիտի գնա Ուրմիա: Ուրմիա գնալը համընկավ Զատիկի տոնին: Մենք բոլորս՝ ես, հայրը, քույրերը, չարազեղեն, միրգ, ներկած ձու և այլ ուտելիքներ վերցնելով՝ գնացինք, որ Զատիկը Զորիկի հետ նշենք: Պատրաստվում էր մեկնել և երկար չտևեց մեր՝ Զորիկի կողքին գտնվելը: Ստիպված եղանք վերադառնալ: Վերադառնալուցս մի քանի օր անց նրանից մի նամակ ստացա: Գրել էր՝ «Մայրիկ ջան, ապրես, Բոլոր ընկերներս կերան բերածդ ուտելիքներից, նույնիսկ ներկած ձվերն էլ կերան: Բոլորը քեզ շնորհակալություն էին հայտնում քաշածդ նեղության համար»:
Ուրմիայից հետո Զորիկը տեղափոխվեց Փիրանշահրի զորամաս, որ գտնվում էր Իրան-իրաքյան անմիջական շփման գոտում: Հայրը եթե այդ կողմերը բեռներ էր տեղափոխում, միշտ գնում էր որդուն տեսության ու վերադառնալով պատմում, թե ինչքան սիրված է ընկերների կողմից: Ինը ամիս այնտեղ ծառայելուց հետո պատերազմը սկսվեց: Չգիտեմ ինչի սիրտս վախ ընկավ, թե այս տղան կնահատակվի: Գուցե որովհետև գիտի թե ինչ պատվասեր տղա է: Պատերազմը սկսվելուց 10-15 օր անցավ, երազումս տեսա, որ ծնկից վիրավոր է: Ճչացի: Ձեռքը դրեց ծնկանն ու ասաց, թե. «Մայր, մի անհանգստացիր: Բան չկա»:
Քնից որ արթնացա, սարսափած էի, թե չլինի երազս կատարվի:
Գնումների համար որ տնից դուրս եկա, տեսա, որ մի զինվոր բանակային համազգեստով մուսուլման հարևաններից մի քանիսի հետ է զրուցում: Զորիկիս հիշեցի ու սրտումս աղոթեցի, որ Տեր աստված, այս զինվորին պահպանիր իր ծնողների համար: Հարևաններս որ ինձ տեսան, ձեռքով իմ կողմը ցույց տվեցին: Զինվորն իմ կողմը եկավ: Ասաց.« Բարև, կներեք, դուք Զորիկ Մուրադյանի մա՞յրն եք»:
Ուրախացա: Երեկվա երազս մի պահ մոռացա: Մտածեցի՝ Զորիկի ընկերն է ու նրա կողմից բան է բերել: Խանդավառությամբ ասացի.« Այո, որդիս: Ես եմ Զորիկի մայրը: Դու նրա ընկե՞րն ես»: Զինվորը, որ իմ խանդավառությունը տեսավ, աչքերը լցվեցին ու գլուխը ցած գցեց: Աջ ձեռքում եղած թուղթը տարավ ձախ ձեռքին ու դողացող ձայնով ասաց. «Կներեք, մայր: Հայրը տա՞նն է: Սա որ ասաց, աշխարհը փլվեց գլխիս: Նոր հիշեցի գիշերվա երազս ու հասկացա, որ այս զինվորը իմ Զորիկի նահատակության լուրն է բերել: Ճչացի ու հենց այդտեղ՝ փողոցի մեջտեղում ուշաթափվեցի:
Պատերազմից ընդամենը 19 օր էր անցել, երբ ես ու ամուսինս առաջին հայ նահատակի ծնողները դարձանք:


13:52 - 7/01/2021    /    համար : 763072    /    ցուցադրության քանակը : 15